Հասարակություն

Արցախի Քարին Տակը նոր մանկապարտեզ կունենա

«Հայաստան» հիմնադրամն Արցախի Քարին Տակ գյուղում (Շուշիի շրջան) մանկապարտեզ է կառուցում: Այն կառուցվում է արգենտինահայ բարերարներ Դեվեճիէան, Էքսերճիէան ընտանիքների, Քիրքոր Շիմշիրողլուի, հունահայ և կիպրահայ համայնքների, ինչպես նաև ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Հունաստանի տեղական մարմնի 2016-ի դրամահավաք-հեռախոսամարաթոնը ևս կուղղվի մանկապարտեզի ֆինանսավորմանը:

Մանկապարտեզում նախադպրոցական կրթություն և խնամք կարող է ստանալ ավելի քան 50 երեխա: Շնորհիվ նորակառույց կաթսայատան և ջեռուցման համակարգի, ձմռան ամիսներին ևս այստեղ հնարավոր կլինի հարմարավետ պայմաններ ապահովել: Խաղասարքերով կահավորված խաղահրապարակն էլ կծառայի մանուկների բացօթյա ժամանցին: Մանկապարտեզի շենքն արդեն կանգուն է, տանիքը՝ կառուցված:

Շենքի արտաքին ու ներքին հարդարումը, կաթսայատան կառուցումն ու տարածքի բարեկարգումն ավարտելուց հետո, ամռանը, նորակառույցը դռները կբացի համայնքի 40 փոքրիկների առջև:

Քարին Տակն ունի մոտ 650 բնակիչ, որոնց գերակշռող մասը երիտասարդներ են: Գյուղապետ Մխիթար Առուշանյանի խոսքով՝ գյուղում տարեցտարի ավելանում է ծնունդների թիվը, և այստեղ մանկապարտեզի խիստ կարիք կար: «Մեր գյուղացիներն ամուր կապված են իրենց հողին. նույնիսկ պատերազմի տարիներին, երբ գյուղն արկերի տակ էր, մերոնք չլքեցին իրենց տունը: Այսօր, համայնքում մեկը մյուսին հաջորդող ծրագրերի շնորհիվ քարինտակցիներն ապրում են ավելի բարեկեցիկ կյանքով և հավատով են լցված վաղվա օրվա հանդեպ» ,- ասում է գյուղապետը:

Շուշի քաղաքից 5կմ հեռավորության վրա գտնվող Քարին Տակ համայնքը հիմնադրվել է 18-րդ դարում: Այն արցախյան ազատամարտի ընթացքում մեծապես տուժած գյուղերից է: Ամեն տարի, հունվարի 26-ին, քարինտակցիները նշում են գյուղի հերոսամարտի ու հաղթանակի օրը:

Back to top button