

Հայաստանում ներկրված ցիտրուսներն ավելի էժան են, քան՝ տեղական մրգերը: Գնային անհամաչափությունը վիճակագրությունն է արձանագրել: Գնաճին զուգահեռ մի քանի ապրանքների մասով նաև գնանկում է արձանագրվել, մինչդեռ հայ սպառողները գների նվազում չեն նկատում: ԱՎԾ նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանն այսօր նաև հայտարարել է, որ 2015 թվականից վառելիքի շուկայում գների նվազում է նկատվել և այդ միտումը պահպանվել է: «Վերջին մեկ ամսում բենզինի գները նվազել են 3,2 տոկոսով, դիզելային վառելիքինը՝ 1,7 տոկոսով, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ բենզինի գնանկումը կազմել է 14,7 տոկոս, իսկ դիզելային վառելիքինը՝ 20,8 տոկոս»,- հայտնել է Գուրգեն Մարտիրոսյանը:
Հայաստանի սպառողական շուկան տարին սկսեց բարձր գներով, փետրվարից սակայն, պաշտոնական վիճակագրության համաձայն, գնանկում արձանագրվեց։ Այն տևեց մինչև այս տարվա օգոստոսը՝ կազմելով 5,9 տոկոս: Սեպտեմբերից արդեն սպառողական շուկայում սկսվեց թանկացումը՝ նախ՝ 0,1 տոկոս, իսկ արդեն հաջորդ ամիս՝ հոկտեմբերին՝ սեպտեմբերի համեմատ գնաճը կազմեց 0,5 տոկոս: Մեկ ամսվա ընթացքում պարենային ապրանքները թանկացել են 0,6 տոկոսով, ոչ պարենային ապրանքները՝ 1,1, իսկ ծառայությունների սակագները մնացել են նույնը: ԱՎԾ ն նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյան
«Ձվի գծով է գնաճ արձանագրվել՝ 0,9 տոկոս, բանջարեղենի ու կարտոֆիլի գները էականորեն բարձր են եղել , գնաճը ՝ 6,2 տոկոս: Միրգը 0,2 տոկոսով է աճել, շաքարավազինը՝ 2,9 տոկոս, կենդանական ու բուսական յուղինը՝ 0,7 տոկոսով։ Միաժամանկ նաև ձկնամթերքի գներն են բարձրացել, 0,2 տոկոսի սահմաններում աճել են մսամթերքի ու կաթնամթերքի գները»:
Մեկ ամսվա ընթացքում հայ վիճակագիրները գնանկում են արձանագրել հացամթերքի, հրուշակեղենի, ոչ ոգելից խմիչքի ապրանքային խմբերում:
Մեկ տարվա ընթացքում ՝ 2016-ի հոկտեմբերին 2015-ի նույն ամսվա համեմատ՝ սպառողական շուկայում գները նվազել են 0,9 տոկոսով: Այս ընթացքում էականորեն թանկացել են ձուն, միրգը, շաքարավազը, ոչ ոգելից խմիչքը:
Մեկ տարվա ընթացքում Հայաստանում 31 տոկոսով թանկացել է լոլիկը, 20 տոկոսով՝ վարունգը, 28 տոկոսով թանկացել է սխտորը, 58,7 տոկոսով աճել են ձմերուկի գները: Նվազել են կաղամբի, գազարի, կարտոֆիլի գները: Ի դեպ, մեր երկրում ներկրվող ցիտսրուսն ավելի էժան է, քան տեղական միրգն ու բանջարեղենը: Թե ինչու, ԱՎԾ ներկայացուցչի պատասխանը նույնն է՝ իրենք միայն փաստն են արձանագրում:
Հայ սպառողները գնաճ արձանագրել են, գնանկում՝ ոչ:
Մեր փոքրիկ հարցախույզի միջոցով փորձեցինք պարզել նաև, թե որքան գումար է անհրաժեշտ առաջին անհրաժեշտության ապրանքները գնելու, ինչպես նաև նվազագույն կարիքները հոգալու համար:
«Ամեն ինչն էլ թանկացել է, ինչը չի՞ թանկացել՝ մրգից սկսած: Գներն ընենց են, որ չգիտես, ինչ անես՞ խնձորը օրինակ, 400 դրամ ա: Մենակ սննդի համար 120 -200 հազար դրամ ա պետք»:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն ընդգծում է՝ Հայաստանում տարեց տարի նվազում է ապրանքների սպառումը: Հինգ տարվա ընթացքում ՀՆԱ-ի մեջ տասը տոկոսով կրճատվել է ապրանքների սպառումը: Այս ընթացքում (2013-ից 2017թթ)՝ Հայաստանում սպառման նպատակով մեկ մլրդ դոլար քիչ է ծախսվում: Բնակչության եկամուտն է նվազել՝ ընդգծում է տնտեսագետը:
Սպառումից դժգոհ է նաև Երևանի փողոցներից մեկում մեզ հանդիպած վաճառողներից մեկը.«Մարդիկ ինչով ապրեն: Մի հինգ տարի առաջ սենց չէր»:
Սպառողներն ու վաճառողները դժգոհում են, հայ վիճակագիրները սակայն չեն մոռանում շեշտել՝ 2016-ի առաջին ինն ամիսներին տարածաշրջանում էական գնանկումը գրանցվել է միայն Հայաստանում՝ 3,7 տոկոս, ՌԴ-ում արձանագրվել է 4,1 գնաճ, Ուկրաինայում՝ 6,4, Տաջիկստանում՝ 5 տոկոս, Ղազախստանում՝ 5,6 տոկոս գնաճ: Ամենաբարձր գնաճ արձանագրվել է Բելառուսում՝ 8,3 տոկոս: Ոչ Հայաստանի նման էական, այդուհանդերձ, գնանկում արձանագրվել է նաև Մոլդովայում, Վրաստանում և Ղրղզստանում:




