ԿարևորՔաղաքական

Համբուրգից առաջ Ադրբեջանը դիմում է սադրանքի. Նալբանդյան- Ջենտիլոնի հանդիպումը (լրացված)

տեղադրվել է ժամը 16։18- ին
լրացվել է ժամը 18։20- ին

annanazaryan

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով՝ պաշտոնական այցով Հայաստանում է  Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին: Երկու նախարարները հանդիպման ժամանակ ստորագրել են Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոն հիմնելու հայտարարություն, այնուհետև հանդիպել լրագրողներին ու պատասխանել հարցերի: Երկուստեք կարևորվել է Լիբանանի հարավում իտալական հրամանատարության ներքո հայ խաղաղապահների առաքելության իրականացումը: Հանդիպման ժամանակ բնականաբար խոսվել է նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին:

 

«Շատ ազդված ու հուզված եմ։ Սա իմ առաջին այցն է Հայաստան՝ ԱԳ նախարարի պաշտոնում 4 տարվա պաշտոնավարման ընթացքում, ու վատ է , որ նոր եմ ժամանում Երևան»,- հենց սկզբից տպավորություններով կիսվեց Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին: Նա նշեց, որ ուրախ  կլինի Իտալիայի ու  Հայաստանի միջև  մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման համար, սակայն ՀՀ ու ԵՄ-ը մի քանի փուլով են քննարկում գործողությունների իրականացման հարցը:

Խոսելով ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին՝ Պաոլո Ջենտիլոնին նշեց, որ Իտալիան աջակցում է ղարաբաղյան  հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին: Իտալիան 2018 թվականին կստանձնի ԵԱՀԿ նախագահությունը, որի շրջանակներում, ըստ նախարարի, մեծ ուշադրություն կդարձվի «սառեցված» հակամարտությունների կարգավորմանը՝ այդ թվում նաև Ղարաբաղյան խնդրին:

«Իտալիան պնդում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով: Մենք չենք ուզում տարածաշրջանում ռազմական գործողություններ տեսնել»,-  ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ Իտալիան աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ անդրադառնալով դեկտեմբերին Համբուրգում նախատեսված Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման մասին հայտարարություններին՝ հստակեցրեց, որ նման հայտարարություն միջնորդների կողմից չի հնչել, պարզապես հույս է հայտնվել, որ երկու երկրների արտգործնախարարները կհանդիպեն, ինչից հետո էլ Բաքվից  նման հանդիպման մասնակցելու պատրաստակամություն են հայտնել։

Նախարարը ևս մեկ անգամ հստակեցրեց, որ խնդիրը կարող է կարգավորվել ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա և դրանք մեկ ամբողջություն են ու այս երեք սկզբունքներից  որևէ մեկի տարանջատումը կբարդացնի խնդրի կարգավորումը։

Ապրիլից հետո միջնորդների ջանքերն ուղղված են ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելուն, ՀՀ երբեք չի հրաժարվել հանդիպումներից , սակայն, ի տարբերություն Բաքվի, Երևանը  ընդունում է այն սկզբունքները,  որ ներկայացնում են ՄԽ համանախագահները: Բաքուն ոչ միայն չի ընդունում միջնորդների առաջարկը, այլև նրանց անվանում է դատարկ, անօգուտ  զբոսաշրջիկներ՝ ասաց Էդուարդ Նալբանդյան՝ը ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ  Ադրբեջանը զորավարժությունների է նախապատրաստվում, որին ներգրավված են լինելու  60 հազար զինծառայողներ։

Նման պայմաններում իրադարձությունների զարգացումը ցույց կտա, թե որքանով հնարավոր կլինի հանդիպում կազմակերպել Համբուրգում, ամեն դեպքում՝ ՀՀ պատրաստ է բանակցություններին՝ ասաց:

Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Բաքուն հրաժարվում է Սանկտ Պետերբուրգում ու Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումից:

Կարդացեք նաև

Back to top button