ԿարևորՔաղաքական

Առաջիկա երկու-երեք տարին լինելու են բեկումնային.Սերժ Սարգսյան

լրացված 16.30
lenabadeyan

«Առաջիկա երկու-երեք տարին լինելու են բեկումնային, ծրագրերի արդյունքները պետք է փորձել տեսնել ավելի հեռուն»,- այսօր Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի համաժողովում հայտարարեց երկրի նախագահ եւ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը՝ ամենեւին դեմ չլինելով կանանց ավելի լայնածավալ ներգրավմանը երկրի ղեկավարման գործընթացին: Այդ իսկ պատճառով նախագահը պատրաստ է լսել ոչ միայն կանանց գաղափարները, ազնվորեն պատասխանել նրանց բոլոր հարցերին եւ ընդունել քննադատություններն, այլեւ՝ բաց խոսել այսօրվա վիճակի մասին:

Առանց «փափուկ բարձերի», բաց խոսելու կողմնակից է նաեւ Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի նախագահ, Աժ-ի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության 152 հազար անդամներից 79 հազարը կանայք են եւ այս թիվը հենց այսօր փոխվեց, քանի որ համաժողովում նոր կանայք համալրեցին կուսակցականների թիվը: Միջոցառման մասնակիցները չէին թաքցնում, որ լուրջ ակնկալիքներ ունեն ապագա խորհրդարանական ընտրություններից՝ ոչ միայն կանանց ներգրավվածության մասով, այլ՝ ընդհանրապես:

Հերմինե Նաղդալյանն արդեն այսօր համոզմունք հայտնեց, որ 2017-ի ընտրություններից հետո Հանրապետականը կրկին կստանա Աժ-ում մեծամասնություն ձեւավորելու իրավունք: Եթե հայ կանայք այսօր համոզված են, որ քաղաքականությունում եւ երկրի կառավարման գործում հավասարազոր են տղամարդկանց, ապա ռուս գործընկերները, մասնավորապես ՌԴ Դաշնային խորհրդի գիտության, կրթության եւ մշակույթի հանձնաժողովի նախագահ Զինաիդա Դրագունկինան՝ ով եկել էր փոխանցելու Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի ողջույնի խոսքը,  խոստովանեց՝ կա մի բան, որը միշտ կարելի է սովորել եւ ընդօրինակել հայ կանանցից:

Օջախի պահպանությունը՝ տարեցներին, կանանց եւ երեխաներին հարգելու հիմքերն ու ընտանիքում «հայեցի» մթնոլորտի պահպանումը. դա է անշուշտ առանձնացնում հայ կնոջը: Դա են կարեւորում նաեւ տղամարդիկ եւ պատահական չէ, որ այսօր Հանրապետության նախագահի կողքին՝ աջ կողմից նստած էր ապրիլյան պատեազմում զոհված հերոս Ադամ Սահակյանի մայրը՝ Կարինե Անտոնյանը:

Քաղաքականության մեջ կինը կարող է լինել շատ նպատակասլաց, ամուր եւ ոչնչով չզիջել տղամարդուն, բայց այս դեպքում՝ դահլիճում ներկա գրեթե բոլոր կանանց աչքերում, նաեւ նախարարների ու պատգամավորների՝ արցունք էր: Այսօր կանանց հենց այս նվիրական աշխատանքի համար էր նաեւ ողջույնի խոսք հղել Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ շնորհակալություն հայտնելով հայ ազգին վայել երիտասարդներ դաստիարակելու համար: Իսկ այն, որ հայ կանայք հաջողակ են նաեւ քաղաքականության մեջ եւ երկրի կառավարման գործում փաստում են պարզապես չոր թվերը: Հանրապետական կուսակցության խորհրդում ընդգրկված է 27 կին, խորհրդարանում հանրապետական կայանք 8 են, կառավարությունում մինչեւ վերջերս երեքն էին՝ նախարարական մեկ տեղը կորցրեցին, եւս 15 կին հանրապետական համայնքապետեր են: Կին հանրապետականները համոզված են՝ այս թվերը փոփոխելու լուրջ նախադրյալներ կան:

Back to top button