ԿարևորՔաղաքական

Կարմիր գծեր, գազի սակագին, լուծարված ԾԻԳ, նոր վարկ. Կառավարության նիստում (լրացված)

տեղադրվել է ժամը 13։15- ին
լրացվել է ժամը 17։45- ին

hasmikdilanyan

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումը, կանցնեն պետական կառույցներին»- վարչապետ Կարեն Կարապետյանի  հայտարարությունն ու հանձնարարականն է կառավարության նիստում:  Շահագրգիռ պետական և համայնքային մարմինների հետ համատեղ կուսումնասիրվեն  և  առաջարկություն կներկայացվեն  երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության և վճարովի ավտոկայանատեղերի կանոնակարգման ծառայությունների մատուցման ոլորտում անհրաժեշտ որակական նոր չափանիշների ներդրման անհրաժեշտության վերաբերյալ: Վարչապետի հանձնարարականով  ապօրինի հարստացումը կքրեականացվի, կընդլայնվի նաև հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը: Կարեն կարապետյանը նաև հստակեցրել է, թե ինչ միջոցների հաշվին է նվազելու գազի սակագինը:

 

Քաղաքացիների բարձրացած հարցերը՝   կառավարության նիստում. վերջին տարիներին օրեցօր  ավելանում են դժգոհությունները Երևանի վճարովի ավտոկայանատեղերից, կամ որ ավելի հայտնի է, կարմիր գծերից, իսկ մարզերում էլ՝ արագաչափերից  ու տեսախցիկներից: Դժգոհությունների հիմնական առանցքում   խախտում կատարած քաղաքացիների գույքն  առանց զգուշացնելու  կալանքի վերցնելն է:  Վարչապետն այսօր հանձնարարեց, որ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի ֆինանսական հոսքերն անցնեն պետական կառույցներին։  «Աջակցել  «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԻ-ի հետ և մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված վերոնշյալ ընկերության գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումը, անցնեն պետական կառույցներին»:

Այժմ գումարները հատկացվում են ոստիկանությանը, որից հետո  պայմանագիր է կնքվում  «Սեքյուրիթի դրիմ» -ի հետ, որն էլ    համակարգի սպասարկումն է իրականացնում: Մանրամասները ֆինանսների նախարարն է փոխանցում: Վարդան Արամյանը վստահեցնում է՝ միջոցները կօպտիմալացվեն, շահույթն էլ որպես խնայում կդիտվի։ «Ցանկացած տիպի կառավարության կողմից խեղման քաղաքականությունն ազդակ է նաև այլ տնտեսավարողներին, որ կառավարությունը չարաշահում է իր հնարավորությունները: Այսինքն՝ ամեն ինչ պետք է լինի արդար հիմքերի վրա, բայց մյուս կողմից էլ, այն, ինչ մենք իրականացնելու ենք, գաղափարախոսությունն այն է, որ գումարները գալիս են բյուջե, որից հետո բաշխվում է «Սեքյուրիթիի դրիմ»՝ որպես ծառայությունների գնում, այդ գումարները մենք ինքներս ենք տնօրինելու ամբողջությամբ»,- նշեց Վարդան Արամյանը:

Քսանօրյա ժամկետում  արդարադատության նախարարությունը կքննարկի և առաջարկություն կներկայացնի վարչական տույժերի հարկադիր կատարման հետ կապված արգելանք դնելու մասին պատշաճ ծանուցումը ապահովելու անհրաժեշտ գործիքակազմի ներդրման ուղղությամբ։

Ընդդիմադիրները հայտարարում են՝ գազի սակագնի իջեցման համար պետբյուջեից սուբսիդավորում է հատկացվում։ Կառավարության ղեկավարը հերքում է.  «Կառավարությունը բյուջեից որևէ սուբսիդավորում չի անելու գազի սակագնի իջեցման դեպքում՝ ոչ ստվերային, ոչ ուղիղ, ոչ մի ձև»: 10 հազար խորանարդ մետրից ավելի գազ սպառողների համար գազի սակագինը 257, 56 դոլարին համարժեք դրամից դարձել է 242,1 դոլար։ Եթե այդ կազմակերպությունն սպառում է ավելի գազ, քան նախկինում է սպառել և ցուցակը ներկայացրել է  «Գազպրոմ Արմենիա», ապա ավելի սպառած գազի դեպքում նրա համար սակագինը կազմի 212 դոլարին համարժեք դրամ:

Մոտ 45 դոլարով էլ կնվազի ջեմոցներին ու գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվողներին մատակարարվող գազի սակագինը: Ի դեպ՝ Հանրային ծառայութունները կարգավորող հանձնաժողովին առաջարկվում է  ջերմոցային տնտեսությունների և  վերամշակող կազմակերպությունների համար սահմանվել բնական գազի խթանիչ սակագին:

Սոցիալապես խոցելի խմբերի համար էլ  գազի սակագինը կլինի   100 դրամ։ Ի դեպ, իրավասուները պետք է աչալուրջ լինեն, որպեսզի սոցիալապես անապահովների թվի մեծացում չնկատվի: Նրանք, կառավարության որոշման նախագծով, կդիտարկվեն առանձին խումբ:  Շարքային սպառողների համար  գազի սակագինը  146 դրամից կդառնա 139 դրամ:

Կարեն Կարապետյանը առանձնացնում է  այն չորս հիմնական գործոնները, որոնցով էլ  պայմանավորված կնվազի գազի սակագինը։ «Հունվարի մեկին ավարտվում է պայմանագիրը տրանզիտի՝ Վրաստանի հետ, և այնտեղ կան ակնկալիքներ, որ տրանզիտի գինը կնվազի, երկրորդ՝ սակագների նվազման արդյունքում «Գազպրոմ Արմենիա»-ն ակնկալում է շուկայի ընդլայնում, որը կբերի մի միավոր վաճառքի մարժայի նվազեցմանը, երրորդ՝ որոշակի ֆինանսական ծախսերի օպտիմալացման և վարկերի նվազեցման արդյունքում «Գազպրոմ Արմենիա»-ն իր մոտ օպտիմալացում կանի, չորրորդ՝ «Գազպրոմ Արմենիա»-ի հիմնադիրը շուկայի ընդլայնման և շուկայի կայունացման համար ֆինանսական ռիսկերը, որոնք կառաջանան այս ընկերությունում, վերցնում է իր վրա։ Շատ պարզ, հասկանալի չորս գործոն է, թե որտեղից են լինելու սակագնի իջեցման աղբյուրները»։

Կառավարությունը մտադիր է քրեորեն պատժել ապօրինի հարստացած պետական պաշտոնյաներին։ «Այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի ակտիվների աճը էականորեն գերազանցում է նրա օրինական եկամուտները, նա  քրեական պատասխանատվության կենթարկվի»:    Երեքշաբաթյա ժամկետում ապօրինի հարստացումը քրեականացնող նախագիծը կներկայացվի  կառավարությանը:

Կարեն Կարապետյանի օգնականներն ու խորհրդականները վերջին մի քանի օրվա ընթացքում բացի քաղաքացիների զանգերին պատասխանելուց և հանդիպելուց այլ բան չեն կարողանում անել։  «Իրենք իմ աշխատանքային ռեժիմից դուրս են եկել,- ասաց վարչապետն ու  նախարարներին հանձնարարեց իրենց կայքերը «ռևիզիա» անել։

Երեք նախարարության երեք  ԾԻԳ այսօր լուծարվեց:  Միայն «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» -ի լուծարումով կտնտեսվի  61 միլիոն դրամ գումար՝ հայտնեց նախարար Հրայչա Ռոստոմյանը:  «Ինձ շատ դուր է գալիս այս որոշումը»,- անկեղծացավ  վարչապետը:  «ԾԻԳ-երին գլխատելը չէ կառավարության խնդիրը,- խոստովանեց   ֆինանսների նախարարը,- գործառույթներն ենք օպտիմալացնում: Նույն գործառույթը իրականացնել ավելի խնայողաբար ռեսուրսներով: Թե ինչքան կտնտեսվի՝ դեռ հաշվարկներ են արվում»:

Կրթության ոլորտի ծախսերի խնայողություններից  1 մլրդ 160 մլն  դրամ կուղղվի պահուստային ֆոնդի համալրմանը:

ՀՀ  և Ասիական զարգացման բանկի միջև «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրով  ՀՀ-ին տրամադրվել է 50 մլն ԱՄՆ դոլար վարկ: Այս գումարով Հայաստանի հյուսիսում՝ Վանաձորից Ալավերդիով դեպի Վրաստանի սահման՝ Բագրատաշեն, գնացող երկշարք M6 մայրուղին՝ մոտ 51.5 կմ ընդհանուր երկարությամբ   ճանապարհը կվերակառուցվի ու կբարելավվի:  Հիշեցնենք, նոր  վարկի ներգրավումը արտաքին պարտքի ավելացում է  ենթադրում:  Այն ՀՆԱ-ի 50 տոկոսի շեմն արդեն հատել է:

Կարդացեք նաև

Back to top button