Տնտեսական

Գազի սակագնի փոփոխությունը՝ ավելի շատ քաղաքական, քան տնտեսական քայլ

Նկարները՝ Մեդիա կենտրոնի ՖԲ էջի
hasmikdilanyan
«Գազի սպառման ծավալները նվազել են, սա ժամանակավոր լուծում է»,- կարծում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով «Գազպրոմ Արմենիա» ընկերության՝   գազի սակագնի վերանայման հայտին: Նրա խոսքով, «քաղաքացուն հետաքրքիր չէ, թե ով կմուծի, բայց սա պետությանը կվնասի ու հարվածի տակ կդնի նաև  ազատ մրցակցությունը»: Պատգամավորը սա նախընտրական քայլ է համարում:  Ներկրված գազի ծավալներն  այս տարվա առաջին վեց ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ըստ տնտեսագետ Արտակ Մանուկյանի նվազել է, սակայն, սպառումը՝ ավելացել է:  էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանն էլ, մեջբերելով  գազի ոլորտում կատարված  տարբեր հետազտություններ, նշել է, որ վերիջն տասը տարվա ընթացքում գազի կալորիականությունը  զգալիորեն  նվազել է:  Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գեւորգյանը, ներկայացնելով իրենց ուսումնասիրությունները, վստահեցրել է, որ այժմ 30 տոկոսով ավելի շատ գազ են ծախսում, քան նախկինում:

 

Վարչապետ նշանակվելուց հետո Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը  գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի վերանայմանն էր ուղղված: Համապատասխան գերատեսչությունները հաշվարկներ կատարեցին, արդյունքների մասին  պաշտոնապես դեռ  լռում էին: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ սեփական նախաձեռնությամբ  դիմեց  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով։

Ընկերությունն  առաջարկում է ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը` 146700 դրամի փոխարեն սահմանել 139000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:

Սպառողների համար ընկերությունն առաջարկում է մոտ վեց դրամի նվազեցում: Նույնը նաև՝  10 հազար խպորանարդ մետրից ավելի գազի սպառման համար:  Տնտեսագետ Արտակ Մանուկյանի խոսքով,  կամայական նվազեցում է տեղի ունենալու, որը սպառողի համար դրական է: Սա նշանակում է, որ երկար ժամանակ վճարել  ենք  ավելի շատ, քան դրա իրական արժեքն էր:

ՀՀ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նախաձեռնության մեջ ավելի շատ քաղաքական, քան տնտեսական քայլ է տեսնում:

«Ծրագրում նշված է, որ սա ժամանակավոր ծրագիր է, աշխատելու է որոշակի ժամանակ»:

Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին (նոր սպառողական խումբ) տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը 100000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: Սոցիալական այս խմբի համար, ըստ Արամ Մանուկյանի,  վճարելու է կառավարությունը: Արամ Մանուկյանը ներկայացնում է գազի սակագնի իրական փոփոխության ուղիները

«Դա Գազպրոմ Արմենիայի  աշխատավարձերի ֆոնդն է, դա սահմանի վրայի գինն է՝ գազի, ինչ գնով Հայաստանն առնում է: Դա կորուստների, եկամուտների քչացումն է: Ճանապարհները, որով իսկապես կարելի է գազի սակագինը քաղաքացու համար իջեցնել, այս փոփոխության մեջ այդպիսի բան չկա»:

Ջերմոցային տնտեսություններին (նոր սպառողական խումբ) նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի`յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձև է ներկայացվում, որը գործելու է  նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը գազի սակագինը կսահմանվի 212 դոլար:

Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գեւորգյանը հիշեցնում է՝ այս ճյուղը Հայաստանի զարգացող ճյուղն է, ջերմոցատերերը ոգևորվել են,  ըստ  Գևորգյանի՝  այժմ մեր երկրում 950 փոքր ու միջին ջերմոցային տնտեսություն կա,  18 հազար մարդ է գոյատևում նրանց եկամուտներից: Ծախսերի 40-50 տոկոսն ըստ ջերմատիրոջ՝ հենց գազի ծախսն է: Պողոս Գևորգյանի արձագանքը գազի սակագնի նվազման հայտին հետևյալն է. «Որ դա փակելու է պետությունը, նշանակում է ակցիա էր ու պրծավ: Ջերմոցային տնտեությունը տարիների ներդրում է»:

Ի դեպ,   ըստ  տնտեսագետ Արտակ Մանուկյանի, եթե սակագինը նվազի, գյուղմթերքի մրցունակությունը կավելանա մոտ 5 տոկոսով: Նա նաև վստահեցնում է՝ սա նաև ինովացիոին գյուղատնտեսության զարգացման հիմք կդառնա: Սա, ըստ տնտեսագետի, մրցունակության բարձրացման կարճաժամկետ նախաձեռնություն է:

Նոր ստեղծվող գազասպառող ձեռնարկությունների համար, որոնց ամսական սպառումը կկազմի 10,0 հազար խորանարդ մետր և ավելի, գազամատակարարման պայմանները և սակագների մեծությունները կորոշվեն լրացուցիչ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համատեղ քննարկումների արդյունքում: Դեռ պարզ չէ, թե  այս դեպքում որն է լինելու  ֆինանսավորման աղբյուրը:

«Միջազգային շուկայում  միջազգային գները նվազել են 2,5 անգամ, դրանք կարող էին ավտոմատ իջեցնել մեր երկրում գազի սակագինը, որպեսզի այն բյուջեի վրա չծանրանար»,- արձանագրում  է ՀԱԿ խմբակցության  պատգամավոր Արամ Մանուկյանը:

Back to top button