
ԱՄՆ պետդեպարտամենտում վիրավորական են համարում Հալեպում և Մոսուլում իրավիճակների համեմատությունը: Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հալեպում, ինչպես նաև Մոսուլում իրականացվող գործողությունն անխուսափելիորեն խնդիրներ կստեղծի խաղաղ բնակության համար, և որ Վաշինգտոնն ու Լոնդոնը Սիրիայում Ռուսաստանի գործողություններին անդրադառնալիս՝ հասել են հիսթերիկ գնահատականների և հրապարակային վիրավորանքների՝ Մոսկվային մեղադրելով ռազմական հանցագործությունների մեջ:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին, մեկնաբանելով Լավրովի խոսքերը, ասել է, որ Հալեպի և Մոսուլի իրավիճակները համեմատելը վիրավորական է, քանի որ դրանք խիստ տարբեր են. Հալեպում սիրիական ռեժիմը իր խոշորագույն կողմնակից՝ Ռուսաստանի օգնությամբ շրջափակման մեջ է պահում քաղաքը, իսկ Մոսուլում 66 դաշնակիցներից կազմված կոալիցիան գործում է միջազգային իրավունքի շրջանակներում՝ ազատելու քաղաքը «Իսլամական պետությունից»: Մոսուլում խաղաղ բնակչությունն իրեն վտանգված չի զգում ի տարբերություն Հալեպի:




