

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում հրապարակվել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2016 թ.-ի մրցանակաբաշխության հաղթողի անունը: Առաջիկայում Հայաստան կժամանի ինտերնետի եւ համացանցի նախահայրերից մեկը՝ «Օփեն Ռութ» կազմակերպության գլխավոր տնօրեն, ֆրանսիացի Լուի Պուզանը՝ մրցանակը ստանալու համար` այսօրվա ասուլիսում հայտարարել են միջազգային մրցանակաբաշխության կազմկոմիտեի նախագահ Արմեն Գեւորգյանը, մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը, հովանավոր ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի անդամ Թոնի Մորոյանը:
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը նպաստում է ոչ միայն մեր երկրի ճանաչմանն ու մեր երկրում ոլորտի զարգացմանը, այլ նաեւ մեր երկրի ու այստեղ ապրող մարդկանց մասին անհրաժեշտ տեղեկությունների աշխարհով մեկ տարածմանը: Միջազգային մրցանակաբաշխության կազմկոմիտեի նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը հիշեցնում է, որ արդեն համաշխարհային հռչակ ունեցող 6 մրցանակակիր է Հայաստան եկել՝ ՀՀ նախագահի մրցանակի հետեւից: Միայն այս հանգամանքն արդեն իսկ արդարացնում է այս մրցանակաբաշխության ավանդույթը, ու անհրաժեշտություն է, որ այն շարունակվի ու ընդլայնվի՝ հավելեց Արմեն Գեւորգյանը:
Մրցանակաբաշխության հովանավոր ընկերության ղեկավար Ռալֆ Յիրիկյանի խոսքով՝ ընկերության համար գաղափարախոսություն է նման նախաձեռնության կողքին արդեն 7-րդ անգամ կանգնելը։
Ի հեճուկս մրցանակաբաշխության մեկնարկի ժամանակ առկա թերահավատությանը՝ այսօր այն արդեն բավականին ճանաչում է բերել մեր երկրին աշխարհում՝ հիշեց ու գնահատեց մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ, «Սինոփսիս-Արմենիա»-ի ղեկավար Հովիկ Մուսայելյանը: Նա էլ հրապարակեց ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի 7-րդ հաղթողի անունը՝ համացանցի նախահայրերից մեկը՝ «Օփեն Ռութ» կազմակերպության գլխավոր տնօրեն, ֆրանսիացի Լուի Պուզան։
Շատ բարձր նշաձող ենք ընտրել եւ մրցանակին արժանացածները անգամ Նոբելյան մրցանակակիրներ կարող են դառնալ՝ ասաց մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի անդամ Թոնի Մորոյանը՝ հավելելով, որ շատ դժվար է ընտրել մարդիկ, ովքեր իրապես փոխել են աշխարհը:
Նշենք նաեւ՝ մրցանակաբաշխության կարեւոր դրույթներից մեկն այն է, որ հաղթող ճանաչված անձնավորությունը պարտադիր պետք է գա Հայաստան: Համացանցի նախահայրերից մեկը համարվող ֆրանսիացի գիտնական, «Օփեն Ռութ» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզան մեր երկիր կժամանի նոյեմբերի 5-ին:
Ի դեպ, Լուի Պուզան համացանցի եւ համաշխարհային սարդոստայնի հինգ նախահայրերից մեկն է, ով պարգեւատրվել է Եղիսաբեթ թագուհու 1-ին մրցանակով՝ ճարտարագիտության համար:




