ՄշակույթՑեղասպանություն 100

Գերմանիան չեղարկել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգը Թուրքիայում

Գերմանիան չեղարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Աղետ» խորագրով համերգը, որ նախատեսված էր նոյեմբերի 13-ին Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանում: DPA գործակալությանը հղումով «Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ Գերմանիայի արտգործնախարարությունը հայտարարում է, թե Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի ստամբուլյան համերգը հետաձգվել է, քանի որ հյուպատոսարանի սրահները տվյալ օրը ազատ չեն լինելու: Հայտնի չէ, սակայն, միջոցառման անցկացման նոր ամսաթիվը:

Վերջին յոթ ամսվա ընթացքում Անկարան սուր քննադատություն էր հնչեցնում «Աղետ» նախագծի վերաբերյալ, որը ֆինանսավորվում է Եվրամիության և Գերմանիայի արտգործնախարարության կողմից: Անցած ապրիլին Թուրքիայի արտգործնախարարությունը Եվրահանձնաժողովից պահանջել էր դադարեցնել «Աղետ» նախագծի ֆինանսավորումը, որը մոտ 200 հազար եվրո է կազմում: Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Մարկուս Ռինդտը թուրքական իշխանությունների այդ քայլը որակել էր որպես «խոսքի ազատության բռնաճնշում»:

Հոկտեմբերի սկզբին էլ Անկարան դադարեցրել է իր մասնակցությունը «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին, որի շրջանակում Թուրքիան 2014 թվականից ի վեր տարեկան մի քանի միլիոն եվրո աջակցություն էր ստանում մշակութային ծրագրեր իրականացնելու համար: Որպես պատճառ նշվել էր «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի կողմից «Աղետ» նախագծի ֆինանսավորման հանգամանքը:

«Աղետ» -ը, որը միավորում է հայ, թուրք և գերմանացի երաժիշտների, 2015 թվականի մայիսից հանդես է գալիս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգաշարով: Նախագիծը կավարտվի 2017 թվականի ապրիլին:

Հիշեցնենք, որ համերգին, որին հետևելու էր Հայ-թուրք-գերմանական բարեկամական միության հիմնադրման արարողությունը, հրավիրվել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, վարչապետ Բինալի Յըլդըրըմը, արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն և մշակույթի նախարար Նաբի Ավջըն: Գերմանիայի արտգործնախարարությունը նշել է, թե հրավերներն ուղարկվել են առանց արտաքին գերատեսչության մասնակցության:

Back to top button