Մշակույթ

Վերականգնվել է «Ծուղրութի պահապանը»

sonahakobyan
Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղի հազարամյա ավետարանը (Հովհաննես Ավետարանը) հայ միջնադարյան արվեստում նշանակալից է հնագրության և մանրանկարչության պարզունակ արտահայտչականության առումով: 1830 թվականից այն խնամքով պահպանվել և սերունդներին է փոխանցվել Սապոնջյանների ընտանիքի կողմից որպես գյուղի սուրբ մասունք: Ձեռագիր մատյանը համարվում է Ծուղրութի պահապանը: Ամերիկայի հարավկովկասյան հետազոտության կենտրոնի տրամադրած ֆինանսավորմամբ հնարավոր է դարձել իրականացնել ձեռագրի կոնսերվացման և վերականգնման աշխատանքները տեղում՝ Ծուղրութ գյուղում, ապահովելով իր տեսակի մեջ եզակի ձեռագրի հետագա պահպանումը: Վերականգնման աշխատանքները իրականացվել են Մատենադարանի ավագ վերականգնողներ Արտավազդ Այվազյանի, Արթուր Պետրոսյանի, ինչպես նաև կենսաբան Լուսինե Մարգարյանի կողմից, վերականգնման բաժնի վարիչ, քիմիական գիտությունների թեկնածու Գայանե Էլիազյանի գլխավորությամբ:

 

tsughruti_avetaranԱխալցխայի Ծուղրութ գյուղը հայտնի է միջնադարյան արվեստի և մանրանկարչության արժեքավոր ձեռագիր մատյաններով և մի շարք հնատիպ գրքերով:  Գյուղի գլխավոր հարստությունը սակայն «Ծուղրութի Ավետարանն» է: Այն Ծուղրութի հպարտությունն է և պահվում է Սարգիս Սապոնջյանի տանը՝ մի առանձին սենյակում, և հիացմունք պատճառում յուրաքանչյուր ուխտի գնացողի:

«Ծուղրութի ավետարանը» գրված է 974 թվականին: Պատմությունն ուշագրավ է: Երբ ծուղրութցիները բռնում են գաղթի ճանապարհը, ճանապարհին Հակոբ և Անախաս Սապոնջյանները գիրքը հրդեհվելուց փրկելու համար պարկով նետում են ջուրը, որտեղ բավականին երկար է մնում: Թուրքերի հեռանալուց հետո դժվարությամբ հանում են գետից: Մագաղաթյա ձեռագիր մատյանը գրեթե չէր վնասվել: Վերցնում են իրենց հետ եւ բերում նոր բնակության վայր` Ծուղրութ:

Այս պատմությունը գիտի Ծուղրութի յուրաքանչյուր բնակիչ: Երբ 2012 թվականին մի մշակութային նախագծի շրջանակներում Բրանդենբուրգի տեխնոլոգիական համալսարանի ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ուսումնասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի Արուսյակ Բալդրյանը որոշեց վավերագրական ֆիլմ նկարահանել Ջավախքի հուշարձանների մասին՝ հայտնաբերեց, որ տարիներ շարունակ տան սենյակում պահպանող «Ծուղրութի Ավետարանը» մշակման և նորոգման կարիք ունի: Արուսյակ Բալդրյանն անմիջապես դիմեց Մատենադարանի տնօրինությանը՝ տեղեկացնելով խնդրի մասին: Վերանորոգման աշխատանքները ոչ միայն բավականին բարդ էին, այլև ծախսատար: Վերջապես այս տարվա հոկտեմբերին Ծուղրութ մեկնեցին Մատենադարանի աշխատակիցները և տեղում իրականացրեցին ավետարանի վերականգնման աշխատանքները: 10-օրյա երկարատև և դժվարին աշխատանքներից հետո  ձեռագիր մատյանը ասես նոր կյանք ստացավ՝ լրագրողների հետ զրույցում նշեց Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանը:

Մատենադարանի ավագ վերականգնող Արթուր Պետրոսյանը, ով անմիջական մասնակցություն է ունեցել Ավետարանի վերականգնման աշխատանքներին, նշեց, որ ամբողջ ձեռագիրն ախտահանվել և մաքրվել է:

Ձեռագրի վերականգնման աշխատանքներին մասնակցել է նաև Արուսյակ Բալդրյանը: Պատմեց, որ աշխատանքներն իրականում շատ ավելի բարդ էին, քան թվում էր առաջին հայացքից: Կարևորը մասնագիտական մոտեցումն էր, որն էլ ապահովում էին Մատենադարանի աշխատակիցները:

Հիշեցնենք, որ 1830 թվականից ձեռագիրը սերունդներին է փոխանցվել Սապոնջյանների ընտանիքի կողմից որպես գյուղի սուրբ մասունք: Գյուղացիները պնդում են, որ ավետարանը չի կարելի գյուղից տանել՝ թեկուզ մեկ օրով: Ձեռագիր մատյանը համարվում է Ծուղրութի պահապանը:

Նկարը՝ hetq.am-ի

Back to top button