

Նրանք հինգն են, և թատրոնի համար ամեն ինչ են: Թատրոնի աշխատակազմում խաղում են բոլոր դերերը, հավաքարարից մինչև Թումանյանի Լոռեցի Սաքոն, Բակունցի Միրհավը: Նրանք բազմաթիվ պարգևների ու գլխավոր մրցանակների են արժանացել: «Բեմական ինքնատիպ մտածողություն և էսթետիզմի համար», մրցանակը հենց նրանց է շնորհվել: Հրազդանի դրամատիկական թատրոնում վարորդը նաև հսկիչ է:
Նարինեն ասում է, որ իր համար և հաճելի , և դժվար է լինել միակ կինը թատրոնում: Հաճելի է, որ բոլոր դերերը իրեն են վստահում, միշտ ուշադրության կենտրոնում է, բայց դա ունի նաև վատ կողմերը:
Շատ պատահական հայտնվեցի Հրազդանի դրամատիկական թատրոնում: Խունացած պատեր, չջեռուցվող ու ցուրտ դահլիճ, պոկված առաստաղ, բայց պատերին փակցված նկարներ՝ տարբեր ներկայացումներից, երբեմնի փառքի տարիներից: Թատրոնի աշխատակազմը ընդամենը 12 հոգի են, դերասանները հինգն են:

Աշոտ Սարգսյանը, 1975 թվականից որպես դերասան, իսկ արդեն քսաներկու տարի թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն է: Ասում է, որ նման պայմաններում աշխատելը շատ դժվար է տեխնիկապես, բայց ոչ ստեղծագործական առումով: Զարմանում եմ, հետո ստանում հարցիս պատասխանը: Մենք բեմադրում ենք այնպիսի ներկայացումներ ու գտնում այնպիսի լուծումներ, որ նույն ներկայացման մեջ զբաղված դերասանը հասցնի լույս դնել, ձայն կարգավորել: Իսկ դա մեծ երևակայություն ու ստեղծագործական ջանքեր է պահանջում:
Ներկայացումը բեմադրելիս ես սկսում եմ մտածել ամեն ինչի մասին: Չես կարող ամեն պիես բեմադրել, պետք է հաշվի առնենք մեր հնարավորությունները, թե ստեղծագործական ու տեխնիկական առումով: Թատրոնը նաև հյուրախաղերով հանդես չի գալիս: Առաջարկները շատ են լինում, բայց երկընտրանքի առջև ենք կանգնում:
Աշոտ Սարգսյանի հետ շրջում ենք թատրոնում, քիչ թե շատ վերանորոգված է դահլիճը: Իսկ գրիմանոցը, միջանցքները, կուլիսները ու բեմի վերանորոգման մասին խոսք լինել չի կարող:
Մեզ հետ զրույցում թատրոնի տնօրենի յուրաքանչյուր պատասխան համեմված էր հումորով, բայց տողատակերում ամեն ինչ կար: Ասում է, որ արդեն հոգնել է բարձրաձայնել իրենց խնդիրների մասին:
Պատմում է, որ մի անգամ, երբ ներկայացման ավարտին դերասանները դուրս են եկել խոնարհվելու, եղել են ընդամենը հինգ հոգի: Հանդիսատեսի մոտ մեծ զարմանք է առաջացրել, քանի որ ներկայացման մեջ տեսարան կար, որը տպավորություն էր ստեղծում, թե բեմում 50- ից ավելի մարդ կա:
Անկախությունից ի վեր թատրոնը չի ջեռուցվել: Ու ներկայացումները խաղում են այնքան ժամանակ, քանի դեռ եղանակը բարենպաստ է: Ու չնայած այս դժվարին պայմաններին, թատրոնում ստեղծագործական կյանքը կանգ չի առել: Թատրոնը բազմաթիվ մրցանակների է արժանացել: Ակսել Բակունցի Միրհավ ներկայցումը բեմական ինքնատիպ մտածողություն և էսթետիզմի համար: Այժմ պատրաստվում է հերթական ներկայացումը՝ Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև»-ը: Աղունի կերպարում, պարզ է՝ Նարինե Սարգսյանն է:




