

Գրադարանավարի օրվա առիթով Հայաստանի և ԼՂՀ գրադարաններում իրականացվող «Դարձի՛ր գրադարանի բարեկամ» ծրագրի շրջանակներում այսօր նախատեսված էր միջոցառումների հարուստ ցանկ՝ նվիրված նաև ՀՀ անկախության 25-ամյակին: Միջոցառումներին մասնակցել են ՀՀ շուրջ 200, ինչպես նաև Արցախի ութ գրադարաններ: Ծրագրի շրջանակներում անցկացվել են վերջին 25 տարիներին հրատարակված գրքերի ցուցադրություններ, հանդիպումներ գրական հետաքրքիր դեմքերի հետ: Ամփոփվել են նաև սեպտեմբերի 1-ին մեկնարկած ՝ համայնքային և զորամասերի գրադարանների գրքային հավաքածուների համալրման նպատակով իրականացվող նվիրատվության արդյունքները: Առանցքային միջոցառումը տեղի է ունեցել ՀՀ մշակույթի նախարարությունում, որտեղ պատվել ու շնորհավորել են օրվա հերոսներին:
Պատվոգրեր, շնորհակալագրեր, տոնական տրամադրությունն ամբողջացնող ծաղկեփնջեր. մշակույթի նախարարության հարգարժան հյուրերն այսօր գրադարանավարներն էին, ում համար 2004-ին ընդունված կառավարության որոշումից հետո հոկտեմբերի 7-ը նշանավորվում է որպես մասնագիտական տոն: Տոնական շնորհավորանքներից զատ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր- Վարդանյանն այսօր ներկայացրեց ոլորտում տիրող իրավիճակը՝ նկատելով, որ հանրապետության ավելի քան 900 գրադարաններից 13-ը գործում են մշակույթի նախարարության, մյուսները՝ համայնքների ենթակայության ներքո, ուստի վերջինների ակտիվությամբ է հիմնականում պայմանավորված այս կամ այն համայնքում գործող գրադարանի վիճակը։
«Մեզ համար մտահոգիչ է համայնքային գրադարանների վիճակը: Ցավոք՝ քիչ չեն գրադարանների փակման դեպքերը: Այժմ մարզպետարանների հետ միասին մենք իրականացնում ենք ուսումնասիրություններ համայնքային գրադարանների իրական վիճակը պարզելու համար: Հիմնական նպատակն է ՝ ձևավորել սկզբունքներ, որոնք համայնքում ապրող յուրաքանչյուր ընթերցողի ևս գրադարանից օգտվելու հնարավորություն կտան»։
Գրադարանին ներկայացվող պահանջները ժամանակի ընթացքում փոխվում են: Ըստ Ներսես Տեր-Վարդանյանի, այսօր առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է գրադարանների թվայնացումը։ Փորձում են վերանայել գրադարանային ֆոնդերի, մասնավորապես հայկական թեմային առնչվող աշխարհում հրատարակվող գրականության ձեռքբերումը: Հատուկ ուշադրություն է դարձվում գրադարաններում այլ ծառայությունների ակտիվացմանը, կարևորվում է գրադարան-գրախանութ համագործակցությունը: «Գիտեք արդեն նախարարի մոտեցումը՝ գրադարանները միաժամանակ որպես ժամանցի կենտրոն դիտարկելու, դրանք ընտանեկան հանգստի համար անհրաժեշտ բաղադրիչներով հարստացնելու վերաբերյալ: Այդ ուղղությամբ լուրջ քննարկումներ են ընթանում և՛ հրատարակիչների, և՛ գրախանութների հետ»:
Փոխնախարարի բնորոշմամբ՝ գրադարաններն այս պահին արագընթաց փոփոխությունների շրջանում են: Արդյունքներն առավել շոշափելի կլինեն առաջիկայում:




