

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «1000 տարվա գյուղամեջ» խորագրով փառատոն` ուղղված սահմանային հատվածներում գյուղական տուրիզմի զարգացմանը` այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Չարդախլու» երիտասարդական խորհրդի անդամ Կարինե Փանոսյանը։ Այն անցկացվելու է հոկտեմբերի 8-ին և 9-ին Տավուշի մարզի Զորական գյուղում: Գյուղական փառատոների անցկացումը խթանում է գյուղական տուրիզմի զարգացմանը, քանի որ զբոսաշրջիկներին հետաքրքիր է ծանոթանալ գյուղական նիստուկացի հետ՝ ասում են ոլորտի պատասխանատուները։
Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի բնակիչ Արտեմ Գասպարյանը չէր էլ մտածում, որ մի օր իր տան բակը դառնալու է տուրիստական վայր: Գավառցուն բնորոշ հյուրասեր լինելու հատկությամբ՝ նա գյուղ այցելող ցանկացած օտար մարդու միշտ հրավիրել է իր տուն, ինչպես ինքն է ասում, հարգել, պատվել ու ճանապարհել: Հետո բարեկամներից մեկի խորհրդով որոշել է, որ տունը կարող է դառնալ զբոսաշրջության կենտրոն: Այսինքն՝ մարդիկ այցելելով գյուղ՝ կհամտեսեն գյուղական բերքն ու բարիքը, կարող են անձամբ մասնակցել լավաշ թխելու, գաթա պատրաստելու ընթացքին։ Կարող են նաև հետևել անսուններին կիթին ու թարմ կաթ վայելել:
Գյուղական տուրիզմը հետաքրքրում է շատ զբոսաշրջիկների: Նրանցից շատերը Հայաստան են այցելում արդեն ավանդական դարձած փառատոներին մասնակցելու համար: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը թվարկում է փառատոներին անունները՝ գինու, խորովածի, տոլմայի, անգամ բուրդ գզելու: Այս տարի դրանց շարքն ավելանում է ևս մեկով:
Հայաստանում առաջին անգամ անցկացվի «1000 տարվա գյուղամեջ» խորագրով փառատոնը։ Նպատակը սահմամերձ գյուղերը տուրիստական ուղիներում ներգրավելն է։ Այն տեղի է ունենալու հոկտեմբերի 8 ին և 9 ին Տավուշի մարզի Զորական գյուղում։ «Չարդախլու» երիտասարդական խորհրդի անդամ Կարինե Փանոսյանը նշում է, որ գյուղական ավանդույթների, հետաքրքրիր արվեստների ու արհեստների վերականգնումը կնպաստի էկոզբոսաշրջության զարգացմանը։
Չարդախլուի պատմությունը սկիզբ է առնում դարերի խորքից, ինչի մասին վկայում են նրա բազմաթիվ մշակութային հուշարձանները: 1988-ի հայտնի իրադարձությունների հետևանքով գյուղի բնակչությունը բռնի տեղահանվեց ու ցրվեց աշխարհով մեկ: Բարեբախտաբար՝ նրանց մեծ մասը տեղափոխվեց Հայաստան ու ապաստան գտավ Տավուշի մարզի Զորական գյուղում: Հենց գյուղի հարուստ պատմությամբ էլ պայմանավորված է փառատոնի անցկացումը: «Չարդախլու» երիտասարդական խորհրդի անդամ Հովհաննես Կարապետյանը նշում է, որ փառատոնի այցելուները կարող են անձամբ գյուղական կյանքի մասնակից դառնա՝ թել մանել, պանիր պատրաստել։
Կազմակերպիչները նշում են, որ փառատոնը ցանկանում են դարձնել ավանդական և ճանաչելի թե հայաստանցի, թե արտասահմանցի զբոսաշրջիկների համար: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրուﬓերի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության նպատակն է նպաստել կայուն տնտեսական եւ տարածքային համաչափ զարգացմանը:




