
տեղադրված 12.57-ին
լրացված 16.45-ին

Էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճն այսօր լրագրողներով լեփ-լեցուն էր: Երեկ նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը ցանկություն էր հայտնել հանդիպել լրագրողների հետ ու ներկայացնել այս տարվա անցած յոթ ամիսների կատարած աշխատանքի հաշվետվությունը: Լրագրողները, սակայն, այլ ակնկալիքներ ունեին, նրանք վստահ էին՝ Մինասյանն այսօր հայտարարելու է, որ հեռանում է նախարարի պաշտոնից: Նման հայտարարություն, սակայն, ուղիղ իմաստով, այդպես էլ չի հնչել: Չի հնչել նաև այն հարցի պատասխանը, թե կոնկրետ բնապահպանության նախարար աշխատելու առաջարկ ստացել է Արծվիկ Մինասյանը, թե՞ ոչ: « Տարբեր ուղղությամբ առաջարկներ եղել են, մենք քննարկում ենք»,-հայտարարել է դաշնակցական նախարարի պաշտոնակատարը՝ չմանրամասնելով, թե ինչ ուղղությունների ու ինչ առաջարկների մասին է խոսքը: Փոխարենը էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը մի քանի անգամ շատ հստակ հայտարարել է, որ թե՛ ՀՅԴ Գերագույն մարմինը, և թե՛ ՀՀԿ ղեկավար մարմինը ստորագրված համաձայնագիրը կյանքի կոչելու հստակ կամք ունեն: Արծվիկ Մինասյանն այսօր Հայաստանի տնտեսության վիճակի մասին գնահատականներ չի հնչեցրել: Նշենք, որ օրերս վարչապետ Կարեն Կարապետյանն այն ծայրահեղ ծանր է բնորոշել:
«Բնականոն աշխատանքային գործընթաց է, չկա որևէ լարվածություն, խնդիր: Թվացյալ լարվածությունը ինձ թվում է ավելի շատ որոշակի առանձին հատվածների ցանկությունն է, քան իրականում կա: Նորմալ աշխատանքային գործընթացի մեջ է»,- մի քանի անգամ հայտարարել է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը:
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Միանսյանը մեկ ժամվա ընթացքում նույն այս միտքը տարբեր ձևակերպումներով ստիպված էր կրկնել մի քանի անգամ: Իսկ Մինասյանի բնորոշմամբ՝ թվացյալ լարվածություն պետք է լիներ իր, նախարար կուսակիցների ու վարչապետ Կարեն Կարապետյանի միջև:
Իսկ ամեն ինչ կառավարության նախորդ նիստից սկսվեց, երբ վարչապետն ու էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը երկխոսություն, քննարկում կամ բանավեճ ծավալեցին: Նույն աշխատաոճը նաև երեկ շարունակվեց: Սա էլ մամուլում հրապարակումների առիթ ու Արծվիկ Մինասյանի հերքման պատճառ դարձավ:
Նույն լարվածությունը չկա նաև ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի միջև վստահեցրեց, ավելին «Որևէ պաշտոն մեզ համար ինքնանպատակ չէ», — հստակեցրեց դաշնակցական գործիչը՝ անկախ այն բանից կլինի էկոնոմիկայի նախարարություն, թե այլ, այդ համաձայանագրի հիմնական նպատակը բոլոր ուղղություններով առաջընթաց ապահովելն է:
«Մենք այդ համաձայնագրով ստանձնել ենք կառավարության ամբողջական պատասխանատվության լիազորությունը: Այդ պատասխանատվությունը ենթադրում է ենթադրում է և պնդում է, թե կապ չունի դաշնակցական նախարարը որ դիրքի վրա է, նա պետք է ապահովի այդ լիազորությունների և ուղղությունների առաջընթացը և ապահովի դա»:
Այսօր, թերևս, այն օրն էր, երբ լրագրողները Արծվիկ Մինասյանի թույլտվությամբ կարող էին նախարարի պաշտոնակատարի աշխատասենյակ մտնել, սա էլ ի հակակշիռ այն հրապարակումների, թե էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը իրերը հավաքել է ու պատրաստվում է հեռանալ պաշտոնից:
«Հրաժարական տալու խնդիր չկա, այս պահին ես պաշտոնակատար եմ էկոնոմիկայի նախարարի, շարունակելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ նոր հրամանագիր չի եղել»:
Այս օրերին բազմաթիվ հրապարակումներից մեկն էլ այն է, որ Արծվիկ Մինասյանը զբաղեցնելու է բնապահպանության նախարարի պաշտոնը: Հստակեցում, առաջարկ եղել է, թե ոչ, ուղղակի իմաստով չեղավ:
« Տարբեր ուղղությամբ առաջարկ եղել է, մենք քննարկում ենք»,- հայտարարեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը՝ չմանրամասնելով, թե ինչ է ենթադրում «տարբեր ուղղությունը»:
«Այո, առաջարկ եղել է, ես՝ որպես ՀՅԴ –ի կողմից առաջադրված թեկնածու, բնականաբար այդ առաջարկությունը քննարկման առարկա եմ ակնկալում դարձնել կուսակցության գերագույն մարմնում, որից հետո նոր մեր մոտեցումը կներկայացնենք: Ես նշեցի այլ ուղղություններ, թույլ տվեք չկոնկրետացնել»:
Արծվիկ Մինասյանն այսօր էլ հայտարարեց՝ «իր համար ընդունելի չէ նախարարության անվանումից էկոնոմիկա բառի դուրս բերումը»: Երեկ կառավարության նիստում ներկայացնելով «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ էկոնոմիկայի նախարարության փոխարեն կստեղծվի ներդրումների ու ձեռնարկատիրության աջակցության նախարարություն: Իսկ այն, որ նոր անվանում ունեցող նախարարությունը նոր ղեկավար է ունենալու, չհերքեց անգամ Արծվիկ Մինասյանը.
«Պարոն վարչապետը նոր դիրքում նոր խնդիրների մասով այլ անձի տեսնելու ցանկություն է հայտնել: Ես, և կարծում եմ ցանկացածս, որևէ նման ամբիցիա և ձգտում չունի ամեն գնով պահպանելու իր դիրքերը: Յուրաքանչյուր վարչապետ ինքն է նախընտրում այն թիմը, այն անձանց և այն դիրքը, որտեղ տեսնում է առավել արդյունավետ մեխանիզմ»:
Արծվիկ Մինասյանն ի դեպ, որևէ գնահատական չտվեց, թե ինչպիսին է մեր երկրի տնտեսության ներկա վիճակը: Կարեն Կարապետյանը, ի դեպ, այն ծայրահեղ ծանր էր բնորոշել:




