Քաղաքական

Տնտեսագետների խորհուրդը՝ փոփոխությունների «սիմվոլ» վարչապետին

lenabadeyan
Չնայած այն հանգամանքին, որ արդեն հայտնի է Հայաստանի 14-րդ վարչապետի անունը, սակայն փաստացի Կարեն Կարապետյանը դեռ չի նշանակվել նշված պաշտոնում: Ինչ ծրագիր եւ ինչ կառավարություն կձեւավորի նոր վարչապետը դեռ հայտնի չէ, բայց որոշ շրջանակներում նա արդեն ընկալվում է իբրեւ փոփոխությունների սիմվոլ: Գործող 19 նախարարներից ում հետ է շարունակելու նոր վարչապետն իր փոփոխությունների ճանապարհը, դեռ հստակեցվում է: Զբաղեցրած պաշտոններին հրաժեշտ տալու ենթակա մի շարք նախարարների անուններ արդեն շրջանառվում են:  Նշվում է շուրջ 10-ը նախարարի անուն: Փոփոխությունների շուրջ քննարկումներ կկազմակերպվեն նաեւ վաղը Աժ-ում՝ մեկնարկող նստաշրջանի ժամանակ: Տնտեսագետները, իրենց հերթին, հուշում են, թե որ առաջնային քայլերն են այսօր անհրաժեշտ Հայաստանին:

 

Վաղվանից արդեն երկրի կառավարման ոլորտում մեկնարկելու են համակարգային այն լուրջ փոփոխությունները, որոնք շատ վաղուց արդեն ակնկալվում էին: Մասնավորապես, հինգերորդ գումարման Աժ-ի գումարվելիք վերջին՝ 10-րդ նստաշրջանի աշխատանքային հենց առաջին օրը պատգամավորները կսկսեն գլխավոր դատախազի ընտրությամբ:

Այս պահի դրությամբ հայտնի թեկնածուն՝ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Արթուր Դավթյանն է: Ընդհանրապես այս աշնանը օրենսդիր մարմնին լարված աշխատանք է սպասվում: Դեռ նախորդ նստաշրջանից անավարտ նախագծեր եւ չդադարող դժգոհություններ կան Հարկային եւ Ընտրական օրենսգրքերից, պետք է ընդունվի նաեւ Աժ-ի նոր կանոնակարգը, որը համապատասխանեցվելու է նոր Սահմանադրությանը, դե իսկ վերջին օրերի կարեւորագույն իրադարձությունը՝  վարչապետի հրաժարականն ուղիղ ազդելու է խորհրդարանի աշխատանքի վրա:

Հենց օրենսդիրում քննարկման առարկա կդառնա նաեւ նոր ձեւավորվող կառավարության ծրագիրը: Թեպետ ծրագիրն առայժմ երկրորդական պլան է մղված, քանի որ դեռեւս քաղաքական դաշտում փորձում են հասկանալ, թե Հայաստանի 14-րդ վարչապետը գործող 19 նախարարներից ում հետ է շարունակելու իր փոփոխությունների ճանապարհը, իսկ ում հրաժեշտ տալու որոշում է կայացնելու: Հայաստանի շարքային քաղաքացիները դեռ զգուշավոր են մոտենում խոստացվող փոփոխություններին:

Իբրեւ հակափաստարկ շատերը նշում են, որ փոփոխությունների սիմվոլ դարձող 14-րդ վարչապետի համար մի քանի ամիս ժամկետը շատ կարճ է լուրջ փոփոխություններ իրականացնելու համար: Իսկ ժամկետն էլ կապված է արդեն մոտալուտ ընտրությունների հետ, որոնք նոր Սահմանադրության համաձայն, արդեն փոխելու են կառավարման համակարգը:

Մի կողմ դնելով կառավարության ներսում սպասվող կադրային փոփոխությունները, տնտեսագետներն ամեն դեպքում պատկերացնում են, թե գործադիր իշխանության նոր ղեկավարի որ առաջնային քայլերն են անհրաժեշտ «Նոր կառավարությունը ժառանգում է բավականին դժվար վիճակում գտնվող տնտեսություն»,- փաստում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ նշելով, որ առաջին հերթին անհրաժեշտ է վերականգնել երկրի նկատմամբ վստահության մակարդակը:

«Եթե համակարգային չեղան ամբողջ փոփոխությունները, ենթադրենք մեկ մարմնի կամ մեկ հաստատության շրջանակներում լինի, բնականաբար դա չի տալու այն արդյունքը, որն ակնկալելի է: Պետք է հստակ ներկայացվեն այն առաջնահերթությունների ցանկը, որ կարեւոր են Հայաստանի համար եւ սփյուռքի ներդրումներ իրականացնողներին տալ լրիվ անկախություն եւ արտոնություններ՝ ներդրումներն իրենք անեն, իրենք վերահսկեն, որպեսզի նրանց մեկ դոլարի ներդրումն անգամ վտանգի չենթարկվի:
Եթե փորձենք խոսել թվերով, ապա Հայաստանի պետական պարտքը սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 5 միլիարդ 484 միլիոն 900 հազար դոլար: Հիշեցնենք, որ արտաքին պարտքի «վտանգավոր շեմը հատելու» խնդիրը հենց Աժ-ում՝ տարատեսակ վարկային ծրագրերի քննարկման ժամանակ միշտ բարձրացվել է, բայց ամեն ամիս Հայաստանի պետական պարտքը շարունակել է աճել:

 

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման երկուսուկես տարիների ընթացքում Հայաստանի պետական պարտքն աճել է 924 միլիոն 230 հազար դոլարով: Բացի այդ, կան նաեւ բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք պետք է հաղթահարի նոր ձեւավորվելիք կառավարությունը եւ այս պայմաններում լուրջ ու զգալի փոփոխությունների ակնկալիքը անիրատեսական է համարում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
«Հայաստանի 25 տարվա կուտակած ամբողջ այս խնդիրների պարագայում անհնար է, որ կառավարությունը միանգամից ճեղքում կատարի, նույնիսկ ամենատաղանդավոր, հանճարեղ նախարարների օգնությամբ»:

Back to top button