

ԼՂՀ ՊՆ հյուսիս- արևելյան զորամասի զինվորների մեծ մասը դիրքերում էր, հսկողությունն ուժեղացված է: Ընթացող ինժեներական աշխատանքները շարունակվում են, թշնամու դիրքերից չդիտարկվող ճանապարհներ են բացում: Դիրքերում ցերեկային ժամերին խաղաղ է: Յուրաքանչյուր դիրքապահ ուշի-ուշով հետևում է իրեն վստահված հատվածը: Տղաներից յուրաքանչյուրը գիտի իր գործը: Ծառայությունը փոխում է քաղաքացիական կյանքով ապրող տղայի վերաբերմունքը, նրան դարձնում ավելի պատասխանատու, ավելի ուշադիր: Առաջին գիծը պահող զինվորները չորս հերթափոխով են հսկում դիրքերը:
Արամայիս Ավագյանը ծնունդով Մասիսից է, ծնողներն ապրում են Մոսկվայի մարզում: Արդեն 14 ամիս ծառայում է, զբաղվել է հունա-հռոմեական ըմբշամարտով, մարզիկի բանվորությունն ու մարմինը կոփվում է նաև բանակում։ <<Կանոնադրություն կա, այստեղ պետք է օրվա կարգացուցակով շարժվես, պատասխանատվություն կրես, չպետք է քնես, ուշադիր լինես, ամեն մի թեթև բան նկատես, որովհետև պատասխանատվություն կա, քանի որ մենք առաջնագծում ենք,- ասում է՝ միաժամանակ ողջունելով ծնողներին ու հարազատներին։ -Ձիգ եղեք, մյուս ամառ գալիս եմ, բան չմնաց>>:
Առաջնագծի զինվորներն անցել են պատերազմի միջով, զգացել պատերազմի վտանգը, գնահատել ծառայության արժեքը:
Դիրքապահ զինվորներն ունեն իրենց հավատքի անկյունը, որին ավելի խնամքով են վերաբերվում և ամեն օր աղոթք բարձրացնում առ Աստված՝ անձի և հայրենիքի փրկության համար:
ԼՂՀ պաշտպանության բանակի սպա , մայոր Ռուդիկ Հակոբյանը գնահատում է օրվա իրավիճակը. << Սահմանը համեմատաբար հանգիստ է, կրակոցներ կան, բայց փոքր տրամաչափի հրաձգային զենքերից, մեր զինվորի մարտական ոգին բարձր է, մարզված, կարողանում են պատասխանել հակառակորդի սադրանքներին>>:
Դիրքերում զինվորները հաշտ ու համերաշխ են, կատարում են իրենց մարտական հերթապահությունը: Խրամատում բացի ամենօրյա հրահանգավորումներից տեսանելի վայրում փակցված են զենքին տիրապետելու կանոնները: Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղից Գարիկ Ամիրյանը 7 ամսվա ծառայող է, տարբեր դիրքերում է եղել, հասել առաջնագիծ՝ այստեղ մտածում ենք ընտանիքի, հայրենիքի մասին, ծառայության մեջ դժվարություններ լինում են, բայց դա էլ տղամարդու համար է:
Զինակից ընկերը՝ Արմանը, նույնպես Գեղարքունիքի մարզից է, Արծվաքար գյուղից է, 13 ամիս էր ծառայում, չդժգոհեց, ասաց, որ հանգիստ է ընթանում ծառայությունը, կրակոցներ էլ գրեթե չկան։
Ցավով երկու օր առաջ տեղեկացանք, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 01-30-ի սահմաններում մարտական հերթապահության կրելու կանոնների խախտման արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող 1997թ ծնված Արման Ղանդիլյանը: Ցավակցում ենք հարազատներին:




