Խոշոր ներկրողների գերշահույթ ստանալու ձգտումը կաթվածահար է անում գյուղատնտեսությունը. ֆերմերները
Դժգոհության մեծ ալիք բարձրացավ, երբ որ գյուղատնտեսական մթերքների գինը նախորդ տարվա համեմատությամբ զգալի էժանացավ: Մեղրաշեն գյուղում այս տարի բերքի կորուստ գրեթե չեն ունեցել, գյուղում տեղադրված 5 հակակարկտային կայանները շատ օպերատիվ են գործարկել, սակայն ցորենի ու կարտոֆիլի ցածր գնի պատճառով, նույնիսկ ծախսածածկում չեն ապահովել, դժգոհում են գյուղատնտեսները:
Մեղրաշենի բնակիչ Ֆելիքս Պետրոսյանը մոտ կես դար զբաղվում է գյուղատեսությամբ: Այս տարի պետության ծրագրով գյուղատնտեսական վարկ է վերցել շատ հարմար պայմաններով տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով, որից 6 տոկոսը պետությունն է սուբսիդավորել: Վարկը մարելու համար նախատեսված ցորենը, եթե նման էժան գնով վաճառի, նույնիսկ այդ արտոնյալ վարկը չի կարողանա փակել, և բանկի սև ցուցակում չհայտնվելու համար մեկ այլ բանկից դոլարային նոր վարկ է վերցրել այս մեկը փակելու համար:
Նույն պատկերն է նաև կարտոֆիլի արտադրության ոլորտում ցածր գներ, արտահանման հնարավորությունների բացակայություն: Շիրակի և Լոռու մարզերի կարտոֆիլ արտադրողների ասոցիացիայի ֆերմերները ժողով են արել և որոշել, առայժմ միայն պահեստավորել ու չվաճառել կարտոֆիլը, մինչև շուկան կարգավորվի:
Ասոցիացիայի նախագհ Հունան Պետրոսյանը վիճակը թեթևացնելու համար առաջարկում է ընդհանրական գին սահմանել տարբեր չափերի կարտոֆիլը նույն գնով հանձնել վերավաճառողներին ու սուպերմարկետներին, որոնք ի տարբերություն արտադրողին, կարողանում են մեծ շահույթ ստանալ վերավաճառքից:
Գյուղատնտեսների հաջորդ ամենամեծ խնդիրը այս տարի արտահանման շուկայի բացակայությունն է: Հայ ֆերմերների աճեցրած կարտոֆիլի պահանջարկը նախկինում մեծ է եղել հարևան Վրաստանում: Վերջին տարիներին Վրաստանի կառավարությունը սկսել է զարկ տալ գյուղատնտեսական հողերի մշակմանը և ինքնաբավ է դարձել, ու եթե ինչ որ չափով պահանջարկ է ունենում՝ ներկրում է Թուրքիայից:
Մեր գյուղատնտեսները նախկինում կարտոֆիլ են արտահանել Վրաստան, Ռուսաստան, Թուրքմենստան, Իրաք, Պակիստան: Այս տարի, սակայն, չունեն այդ հնարավորությունը: Էժանացել է ցորենը, այլուրը, բայց այս գնանկումը չի ազդել հացամթերքի և մակարոնեղենի գնի վրա:
Շուկայում գին որոշողը խոշոր ներկրողներն են, որոնք գերշահույթ ստանալու համար կաթվածահար են անում հայրենի գյուղատնտեսությունը, վրդովվում են գյուղատնտեսները: