

Փառատոն, որի թեման կինն է: Արդեն 3-րդ անգամ անցկացվող «Սոսե» միջազգային կինոփառատոնն այս տարի կինոսերներին կհյուրընկալվի սեպտեմբերի 23-30-ը: Մրցութային ֆիլմերը կցուցադրվեն մայրաքաղաքի տարբեր կինոսրահներում և մշակութային կենտրոններում: Ըստ փառատոնի կազմակերպիչների՝ ամենամեծ քանակությամբ ֆիլմերը ներկայացված են Ֆրանսիայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից: Հայաստանից նախնական ընտրությունն անցել է 12 ֆիլմ:
61 երկրից ուղարկված 336 հայտ, որոնցից ընտրվել է 104 ֆիլմ: Սեպտեմբերի 23-30-ը ֆիլմերը դիտելու և քննարկելու հնարավորություն կունենան բոլորը: Թվով արդեն 3-րդ «Սոսե» միջազգային փառատոնին մասնակցում են ինչպես, լիամետրաժ, խաղարկային, այնպես էլ կարճամետրաժ ու վավերագրական ֆիլմեր՝ «Բովանդակությունը՝ կին» հիմնական մրցութային ծրագրի շրջանակներում:
Փառատոնի ժյուրիի անդամ, կինոգետ Անիտա Երզնկյանի համոզմամբ՝ փառատոնային բազմազանության մեջ «Սոսե»-ն, անկասկած, վաստակել է իր տեղը, քանի որ կնոջ դեմքով ու կնոջ միջոցով ֆիլմերը խոսում են համամարդկային խնդիրների մասին:
Կնոջ միայնությունն ու մեկուսացումը. ըստ ժյուրիի անդամ, դերասանուհի Կարինե Ջանջուղազյանի, ֆիլմերի մեծ մասը այս մասին են պատմում և դա նրան անհանգստացնում է:
Դերասանուհու բնորոշմամբ՝ Սոսե մայրիկի անունը կրող փառատոնը տրամադրված է հեղափոխականորեն և առաջ է շարժվելու:




