

«Նաիրիտ» գործարանի վերաթողարկման համար պայքարող նաիրիտցիներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տարակուսանք են հայտնել, որ հսկայի վերագործարկման համար կա ներդրող, սակայն կառավարությունը անհասկանալի մոտեցում է ցուցաբերում: Նաիրիտցիների հետ այսօրվա հանդիպման ժամանակ տեսակապով իր ծրագրերն է ներկայացրել նաեւ ներդրումների պատրաստակամություն հայտնած Սլովակիայում գործող «EU-ASIA buisness finance centre» հոլդինգի նախագահ, մեր հայրենակից Աշոտ Գրիգորյանը: Նա շեշտել է, որ կատարված են բոլոր ուսումնասիրությունները, ունեն գործարանի վերագործարկման համար ներդրումային ծրագիր, դիմել են կառավարությանը, սակայն անհասկանալի է վերջինիս լռությունը: Մեզ համար անհասկանալի պատճառներով կառավարության մոտ չկա «Նաիրիտ»-ի վերագործարկման ցանկություն՝ հայտարարել է Աշոտ Գրիգորյանը:
Որքանո՞վ է իրատեսական «Նաիրիտ»-ի վերագործարկումը, երբ կա անհրաժեշտ ներդրումներ կատարող ընկերություն: Գործարանի կաուչուկի արտադրության արտադրամասի պետ Գագիկ Ավետիսյանի խոսքով՝ գործարանը կանգնեցվել է աշխատանքային վիճակում, ուստի հետագա թողարկումը մեծ ծախսերի հետ կապված չէ:
«Գործարանն աշխատունակ է: Այն խոսակցությունները, թե գործարանից սարքավորումներ են վաճառվել ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը: Այն առումով, որ վաճառվել են միայն այն սարքավորումները, որոնք չեն մտնում կաուչուկի տեխնոլոգիայի մեջ»:
Գործարանը 2010-ի մարտից կոնսերվացված է կանգնեցվել: Դա նշանակում է, որ ամենավտանգավոր արտադրամասերը մաքրված են, չեզոքացվել են վտանգավոր նյութերը եւ վերաթողարկման ժամանակ պետք է պարզապես վերականգնել: Այս մասին պարզաբանեց գործարանի տնօրեն Կարեն Իսրայելյանը:
«Սարքավորումներն այսօր ամբողջությամբ գտնվում են աշխատունակ վիճակում: Խոսքը վերաբերում է ացետիլենային տեխնոլոգիայով աշխատանքին, որովհետեւ 2010 թվականին գործարանն աշխատում էր միայն այդ սխեմայով: Մի քանի ամիս է պետք, որպեսզի գործարանը վերաթողարկվի. դա վերաբերում է ացետիլենային սխեմայով աշխատելու տեխնոլոգիային»:
Ասուլիսին տեսաձայնային կապով միացավ նաեւ գործարանի վերագործարկման համար ներդրումների պատրաստակամություն հայտնած, Սլովակիայում գործող «EU-ASIA buisness finance centre» հոլդինգի նախագահ, մեր հայրենակից Աշոտ Գրիգորյանը: Ներկայացնելով ծրագրերը՝ նա ասաց, որ իրենց աշխատանքային խումբը անցած երկու տարիներին ուսումնասիրել է «Նաիրիտի» վերագործարկման խնդիրները, կազմել ծրագրեր՝ 20 մլն դոլարից մինչեւ 150 մլն եվրո ներդրումներով:
« Մեր ցանկությունն է կառավարությունից ստանալ «Նաիրիտ» գործարանը 1 եվրոյով, ստանալ 5 տարի ժամկետով հարկային բարենպաստ ռեժիմի պայմաններ: Մենք ցանկանում ենք այնտեղ նաեւ այլ՝ ե՛ւ քիմիական, ե՛ւ էներգետիկ արտադրություններ տեղավորել, քանի որ ինձ հետ Հայաստան են ուզում գալ նաեւ այլ ներդրողներ, որոնք ցանկանում են համատեղ ձեռնարկություններ ստեղծել»:
Աշոտ Գրիգորյանը տեղեկացրեց, որ դիմել են Հայաստանի կառավարությանը, որպեսզի վերջինս հնարավորություն տա գործարանը վերականգնելու ծրագիրն իրականացնեն, սակայն գրավոր որեւէ պատշաճ պատասխան չեն ստացել, իսկ բանավոր պատասխաններն անհասկանալի են են եղել:
«Պատասխանները շատ խուսափողական եւ անհասկանալի են: Այդպես էլ չեմ կարողանում հասկանալ՝ ցանկություն կա՞ «Նաիրիտը» վերականգնելու, թե՞ ոչ: Ըստ իրենց՝ ոչ, դա անիմաստ զբաղմունք է: մինչդեռ՝ մեր ներդրողները գտնում են, որ դա ոչ միայն իմաստավոր է, այլեւ՝ անհրաժեշտ. ինչպե՞ս կարելի է այդպիսի գործարանը մատնել անգործության: Սա ոչ մեկը, ոչ մի մասնագետ Եվրոպայում չի հասկանում»:
Գործարանի առաջատար ինժեներ Կարինե Շահվերդյանի խոսքով՝ «Նաիրիտ»-ի վերագոծարկումը միայն նաիրիտցիներին չպետք է շահագրգռի, այլ այն բոլորի հետաքրքրությունը պետք է լինի, իսկ առաջին հերթին՝ իշխանության:
Նախկինում, եթե կար ներդրողի բացակայության հիմնավորում, հիմա նման խնդիր չկա: Նաիրիտցիները զարմացած են, թե ինչո՞ւ կառավարությունը համարժեք մոտեցում չի ցուցաբերում: Ասացին, որ վերագործարկման համար պայքարը կշարունակեն եւ պատրաստ են նաեւ կտրուկ քայլեր ձեռնարկել, որոնք, նրանց ձեւակերպմամբ, պայմանավորված են իշխանությունների չարած քայլերով:




