Քաղաքական

Հողերի վերադարձի մասին խոսակցությունները շահարկումներ են.Ազատ Արշակյան

karenghazaryan
Արցախում ամեն ինչ բնական հունով ընթանում է, այն կառուցապատվում, բարեկարգվում է եւ ապրում իր առողջ կյանքով: Այս մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտնել է Արցախից նոր վերադարձած ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ կարծիք հայտնելով, որ հողերի վերադարձի մասին խոսակցությունները շահարկումներ են ու սադրիչ: Հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի գնահատմամբ՝ տարածքներ հանձնելու մասին խոսակցությունները թելադրված են դրսից եւ ինչ-ինչ նպատակներ են հետապնդում, ուստի, կարծում է, որ պետք զգուշավոր լինել՝ դրանց տուրք չտալու համար:

 

Անդրադառնալով խոսակցություններին, որ Արցախի հողերի հանձնման հարց կա դրված իշխանությունների օրակարգում՝ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, որ նոր է վերադարձել Արցախից, այսօրվա ասուլիսում շեշտեց, թե Արցախի հարցը լուծված է և արդեն լուծված է 25 տարի: Նրա խոսքով՝ հողեր հանձնելու մասին խոսակցությունները, որ կան Հայաստանում, շահարկումներ են:

«Շահարկումը ոչ թե արհեսատական է, այլ սադրիչ է. ովքեր Արցախի հողերի զիջումների հարցը բարձրացնում են ուղղակի սադրում են, նրանք  սադրիչներ են: ես չգիտեմ ինչ նպատակ են հետապնդում: Եթե հետևում եք միջազգային լրատվությանը, այնտեղ էլ Արցախի հարցը օրակարգային չէ»:

Նրանք ապրում են իրենց կյանքով, տնտեսությունը բարեկարգում, իսկ պատերազմի հետևանքների վերացման ուղղությամբ հսկայական աշխատանք է տարվում՝ հավելեց Ազատ Արշակյանը՝ շեշտադրելով, որ մենք ոչ թե հանձնելու, այլ վերադարձնելու խնդիր ունենք:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի գնահատմամբ՝ այն, որ տարածքների հետ կապված հասարակության շրջանում կան մտահոգություններ, ունի դրական եւ բացասական միտումներ: Նրա ձեւակերպմամբ՝ դրականն այն է, որ եթե հասարակությունը մտահոգված է հայրենիքի ճակատագրով, ապա դա լավ է, քանի որ խոսում է մե ժողովրդի, Դավիթ Բաբայանի ձեւակերպմամբ, իմունային համակարգի ռեալ իրավիճակի մասին: Ինչ վերաբերում է բացասական կողմին:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ հարցն անընդհատ շահարկվում է, երբ անգամ որեւէ հիմք չկա դրա համար. «Պարզապես իրենց անձնական, նեղ, սահմանափակ ինչ-որ շահեր հետապնդելով՝ սկսում են անընդհատ շահարկումները: Սա բացասական երեւույթ է, որովհետեւ դա ե՛ւ պառակտում է, ե՛ւ փորձ՝ խարխլելու հասարակությունը: Այստեղ պետք է գումարել նաեւ ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատանքը»:

Պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ վերադարձ անցյալին չկա ու չի կարող լինել՝ հավելեց զրուցակիցս: Նրա խոսքով՝ Արցախը երբեւիցե չի հրաժարվելու իր կարգավիճակից եւ երբեք թույլ չի տալու, որ իր անվտանգության համակարգը փոքր-ինչ թուլանա՝ շեշտեց Դավիթ Բաբայանը:

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, անդրադառնալով միջազգային կառույցներից Ղարաբաղի կառուցապատման համար մեկ մլրդ դոլար խնդրելու Ալիեւի քայլին, նշեց, որ Արցախը կառուցապատվում է,  բարեկարգվում, իսկ արցախցիներն ապրում են իրենց ամենօրյա առողջ կյանքով:

«Ղարաբաղում նրանք դրա մասին ոչ լսել են, ոչ էլ ուզում են լսել: Նրանց օրակարգում Ալիևի հետ կապված որեւէ խնդիր չկա: Ես նկատի ունեմ եւ հասարակ քաղաքացիներին, եւ որոշում կայացնողներին՝ Արցախի ղեկավարությանը, որոնց հետ մենք շփվել ենք»:

ԼՂՀ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի կարծիքով՝ միջազգային հանրությունը պետք է պարզապես Ադրբեջանի նման քաղքականությանը շատ կոշտ պատասխանի, քանի որ այդտեղ պարզապես հեգնանք ու անհարգալից վերաբերմունք կա հենց միջազգային հանրության նկատմամբ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ իր հերթին նկատեց, որ այսօր առաջնագծում լուրջ աշխատանքներ են կատարվում, արցախցիներն էլ առօրյա աշխատանքով են զբաղված: Հանրապետական պատգամավորի գնահատմամբ նույնպես հողերի հանձնման մասին հայտարարությունները դրսից են թելադրված:

«Ցավոք սրտի մեր հանրության մեջ մերթընդմերթ հանդես են գալիս մարդիկ, որոնք իրենց վրա ուշադրությունն են ուզում սևեռել կամ, ինչու չէ, նաեւ որոշ  քաղաքական ուժեր, որոնք դրսից թելադրված ինչ-որ արհեստածին հայտարարություններ են անում տարածքների հանձման հետ կապված, ինչ-որ գաղտնի բանակցությունների մասին են խոսում, որը իրականությանը չի համապատասխանում: Նպատակը մեկն է, որ մեզ մոտ ներքին հակասություններ, ներքին բախումներ հրահրեն և դրանով փորձեն որոշակի խնդիրներ լուծեն կամ դրսից ղեկավարվող որոշակի ուժեր այստեղ փորձեն ավելի ընդլայնվել, որովհետեւ հաջորդ տարի քաղաքական լուրջ տարի է»:

Դրա համար մենք պետք է որպես պետություն, որպես ժողովուրդ զգույշ լինենք եւ թույլ չտանք, որպեսզի նման արհեստածին մտքեր ու շարժումներ մեզ մոտ ներմուծվեն ու արմատներ գցեն, ինչն ամենակարեւորն է հայկական երկու պետությունների համար՝ հավելեց հանրապետական պատգամավորը:

Համակարծություն հայտնելով հանրապետական պատգամավորի հետ՝ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը նշեց նաեւ, որ իր գնահատմամբ՝ մեր օրակարգի խնդիրը մեկը պիտի լինի՝ ազատ, արդար ընտրություններով ձեւավորել իրապես ընտրված Ազգային Ժողով, որի պարագայում մնացած խնդիրները հնարավոր կլինի լուծել՝ հօգուտ հայկական պետությունների եւ հայ ժողովրդի շահերի:

Կարդացեք նաև

Back to top button