

Հաշմանդամություն ունեցող անձինք հասարակության լիարժեք անդամներ են, եւ նրանց հետ տարվող աշխատանքը պետք է շարունակական լինի: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Հայաստանում ներդրվելիք հաշմանդամության սահմանման նոր մոդելը։ Ըստ դրա՝ պետք է կատարվեն կարիքների գնահատում եւ մատուցվեն համապատասխան ծառայություններ: Նոր մոդելը կներդրվի 2017 թ.:
Ցանկացած հիվանդություն չէ, որ կարող է հանգեցնել հաշմանդամության: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԲՍՓ գործակալության պետ Արմեն Սողոյանն ասում է՝ եթե օրինակ քաղաքացու օրգանն է վիրահատվել կամ հեռացվել, բայց անձի կենսագործունեությունը չի խափանվել, հետևաբար նրան հաշմանդամության կարգ չեն տրամադրում:
Վերջինս պատմում է, որ շատ են դիմում քաղաքացիներ, որոնք սկսում են թվարկել իրենց հիվանդությունների ցանկն ու ասում, որ այսքան առողջական խնդիրների դեպքում ինչո՞ւ այդպես էլ հաշմանդամության կարգ չեն ստանում: Լինում են նաեւ դեպքեր, երբ նույն քաղաքացին ասում է, որ իրեն բուժող բժիշկն ասել է, որ այս հիվանդության դեպքում պետք է տրվի երկրորդ կարգ, բայց հանձնաժողովը տալիս է երրորդ կարգ: Հետևաբար նման խոսակցություններին վերջ դնելու համար կայացվել է նման որոշում:
«Փորձաքննություն անցնողը իրավունք ունի իր բուժող բժիշկի, կամ մեկ այլ բժիշկի հետ՝ում վստահում է, ներկա լինել փորձաքննությանը»:
Ի դեպ՝ հանձնաժողովի որոշման հետ համաձայն չլինելու դեպքում` քաղաքացին կարող պահանջել վերափորձաքննություն:
Մեկ այլ որոշման մասին. ապրիլյան դեպքերի ժամանակ ունեցանք վիրավորներ, ովքեր հաշմանդամություն ձեռք չբերեցին, բայց ունեին որոշ վնասվածքներ և, ըստ օրենքի, պետք է իրենք հոգային իրենց բուժման ծախսերը: Սա, ինչ խոսք, մեծ դժգոհության ալիք բարձրացրեց, սակայն տվյալ դեպքում կա’մ պետք է օրենք խախտեին, որպեսզի պետությունն իր վրա վերցներ նրանց բուժումը, կա’մ էլ նոր օրենք մշակվեր: Ուստի կառավարությունը նոր հայեցակարգ մշակեց՝ ասում է Սողոյանը.
«Այն անձինք, ովքեր զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի կամ հիվանդության պատճառով զորացրվել են, բայց բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, սակայն բժշկական օգնության կարիք ունեն, օգտվեն պետպատվերից: Ի դեպ, ապրիլյան դեպքերից հետո արդեն 17 զինծառայող է դիմել անվճար բուժօգնություն ստանալու համար»։
Նշենք, որ որոշումը վերաբերում է բոլոր զինծառայողներին, ովքեր վնասվածք են ստացել ծառայության ժամանակ՝ անկախ նրանից թե դեպքը երբ է տեղի ունեցել։ Որոշման մեջ ընդգրկված են թե՛ պայմանագրային, թե՛ ժամկետային և թե՛ կամավոր ծառայության մեկնածները: Ի դեպ, Արմեն Սողոյանը բոլորին հորդորում է ԲՍՓ կառույցը չդիտարկել միայն որպես կարգ սահմանող։ Ասում է, որ այս տարի մի շարք բարեփոխումներ են իրականացրել: Մասնավորապես՝ գործակալությունը նպաստում է հաշմանդամների ինտեգրմանը հասարակությանը՝ լուծելով նաեւ անհատական խնդիրները.
«Եթե որևէ հաշմանդամի ընդունել են աշխատանքի ու այնտեղ բացակայում է թեքահարթակ, ապա գործակալությունը կառուցում է այդ թեքահարթակը, անգամ մասնավորի դեպքում»:
Նշենք, որ հաշմանդամություն ունեցող անձանց մոտ գերակշռում են արյան շրջանառության հետ կապված հիվանդությունները՝ 31,6 տոկոս։ Դրան հաջորդում են հոգեկան հիվանդությունները, նորագոյացությունները, նյարդային և էնդոկրին համակարգերի հիվանդությունները: Ինչ վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում առողջական վերականգնմանը, ապա նման միտում է գրանցվել՝ 1633-ի կամ ընդհանուր թվի 6,2 տոկոսի մոտ։ Լրիվ վերականգնում գրանցվել է 3,3 տոկոսի մոտ:




