

Ռուս-իրանական ռազմական համագործակցությունը որակապես նոր փուլ է թեւակոխում: Եթե մինչ այժմ այն ռազմատեխնիկական բնույթ ուներ, ապա այսուհետ գործ ունենք օդատիեզերական համագործակցության հետ: Անդրադառնալով Իրանում ռուսական ավիաբազայի ստեղծմանը՝ «Արեւելք» հետազոտական-վերլուծական կենտրոնի փորձագետ, իրանագետ Կարեն Մկրտչյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի ամրապնդումը տարածաշրջանում նպաստավոր է Հայաստանի համար՝ հաշվի առնելով ռուս-հայկական ռազմավարական դաշնակցությունը:
Հաշվի առնելով վերջին տարիների ընթացքում Սիրիայում տեղի ունեցող ահաբեկչական գործողությունները և Ռուսաստանի ներգրավումն այդ գործընթացին՝ ճնշելու տեսակետից, փաստորեն ռուսական կողմը կարողացել է Իրանի «Համադան» օդանավակայանից թռիչքներ կատարել և ճնշել սիրիական ահաբեկչական խմբավորումներին՝ նկատեց իրանագետ Կարեն Մկրտչյանը:
Ըստ նրա՝ այստեղ կա երեք դրույթ, որ ունի քաղաքական հրատապ նշանակություն: «Առաջինը հետեւյալն է՝ Հարավային Կովկասում ռազմական եւ քաղաքական տեսանկյունից իր դիրքերն ամրապնդելուց հետո, փաստորեն, ռուսական կողմն այսուհետ իր դիրքերն ամրապնդում է Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում՝ մասնավորապես իրանում եւ Սիրիայում»։
Ըստ իրանագետի՝ սա Իրանի կողմից իր տարածքում որևէ պետության ռազմական ներկայություն ապահովելու թույլտվություն է, ինչը բացառիկ է: Դա ռուսական կողմի քաղաքական եւ դիվանագիտական հաջողությունն է՝ ասաց բանախոսը: Իրանագետի գնահատմամբ՝ Իրանական կողմի համար սա ևս կարևոր նշանակություն ունի, քանի որ ձեռք է բերում մեծ ազդեցիկ լծակներ՝ տարածաշրջանում իր հեղինակությունն առավել ամրապնդելու, հատկապես՝ ռազմական տեսակետից:
Թե Հայաստանի վրա որքանո՞վ կարող է անդրադառնալ Իրանում Ռուսաստանի ռազմական ավիաբազայի ստեղծումը, իրանագետն այսպես գնահատեց. «Հաշվի առնելով, որ ՀՀ-ում գտնվում են ռուսական ռազմաբազաներ եւ հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունն ունի երկար դարերի պատմություն, տվյալ դեպքում տարածաշրջանում Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի ամրապնդվելը եւ ծավալվելը Հայաստանի Հանրապետության համար եւս նպաստավոր է ե՛ւ քաղաքական, ե՛ւ ռազմական տեսակետից»:
Ըստ իրանագետի՝ տարածաշրջանում Իրանի դերի եւ կարեւորության մեծացմամբ եւ Իրանի հզորացմամբ հետին պլան է մղվում Թուրքիան, որն այլեւս չի ունենա առաջատար դեր Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի գործում: Այս առումով Իրանը լուրջ մարտահրավեր է նետում եւ լուրջ մրցակից դառնում Թուրքիային՝ համոզմունք հայտնեց փորձագետը:
Ադրբեջան-Իրան համագործակցության առնչությամբ էլ Իրանագետն այսպիսի դիտարկում կատարեց. «Իրան-Ադրբեջան հարաբերություններում շատ կարեւոր հարցեր կան եւ դրանցից մեկն էլ Իրանի համար այն է, որ նա ձգտում է տարածաշրջանում խաղաղության պահպանմանը: Այլ կերպ ասած՝ խաղաղության պահպանումը մեզ համար ունի ինչ-որ տեղ ստատուս քվոյի պահպանման նշանակություն: Այս տեսակետից, իհարկե, հայկական կողմի համար նպաստավոր է»:
Իրանական կողմը Բաքվում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ էլ հասկացրեց Ադրբեջանին, որ չի հանդուրժի Ղարաբաղյան խնդրի ռազմական ճանապարհով լուծումը՝ հավելեց իրանագետը:
Ռուսաստան-Թուրքիա, Ռուսաստան-Ադրբեջան համագործակցությանն անդրադառնալով՝ փորձագետը նկատեց, որ նրանց համագործակցությունը կարող է լինել միայն ռազմատեխնիկական, քանի որ Ռուսաստանը ռազմաբազա ունի միայն Հայաստանում, հետեւաբար՝ հենց դրանով էլ Հայաստանի համար նպաստավոր է: Յուրաքանչյուր երկրի ռազմավարական դաշնակցի ծավալվելն ու որոշակի հաջողություններ ունենալը տարածաշրջանում ինչ-որ տեսակետից նաեւ բխում է տվյալ երկրի շահերից՝ եզրափակեց «Արեւելք» հետազոտական-վերլուծական կենտրոնի փորձագետ, իրանագետ Կարեն Մկրտչյանը:




