
ՌԴ Մոսկվայի մարզում՝ Շչելկովյան մայրուղում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով մարդիկ են զոհվել՝ հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ տարբեր վարկածներ առաջ քաշելով։
ՏԱՍՍ- ի տեղեկություններով՝ զինված հարձակում է տեղի ունեցել ՃՊԾ պահակետի վրա։ «Հարձակումը կատարել են մի քանի անհայտ մարդիկ՝ ենթադրաբար Հյուսիսային Կովկասից»,- հայտնում է գործակալությունը։ Արդյունքում սպանվել է մեկ ոստիկան, իսկ մայրուղում խցանում է առաջացել։
«ՌԻԱ- Նովոստիին» իրավապահ մարմիններից հայտնել են, որ պահակետի վրա հարձակվել են երկու ասիացիներ։ «Ատրճանակներով զինված երկու ասիացի Մերձմոսկովյան Շչելկովյան շրջանում հարձակվել են ԳԱԻ- ի պահակետի վրա։ Կան տուժածներ։ Հարձակվողները թաքնվել են անհայտ մակնիշի եւ համարանիշերի ավտոմեքենայով»,- հայտնել է գործակալության աղբյուրը՝ հաստատելով ոստիկանի սպանության լուրը։
Ռուսական մեկ այլ գործակալության՝ «Ինտերֆաքսի» աղբյուրն էլ հայտնել է, որ փոխհրաձգություն է սկսվել փաստաթղթերի ստուգման ժամանակ։ Արդյունքում մեկ մարդ սպանվել է, եւս մեկը վիրավորվել։ Երկուսն էլ Միջին Ասիայի բնակիչներն են։ Քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական վարչությունից «Ինտերֆաքսին» հայտնել են, որ մեկը սպանվել է հարձակման, մյուսը՝ թաքնվելու ժամանակ։ Նաեւ հաստատել են, որ երկու ոստիկան վիրավորվել է, մեկի վիճակը ծանր է։
Ավելի վաղ մեկ այլ արտակարգ պատահարի մասին էլ լուր էր ստացվել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքից։ Սանկտ Պետերբուրգի բազմաբնակարան շենքում հատուկ գործողություն է իրականացվել Հյուսիսային Կովկասից ահաբեկիչների կալանավորման համար։ Ականատեսները «Ֆոնտանկային» հայտնել են կրակոցների եւ պայթյունների մասին։
Ավելի ուշ Անվտանգության դաշնային ծառայության Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի վարչությունից հայտնել են, որ հատուկ գործողությունն իրականացվել է Կաբարդինո- Բալկարիայի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ։
«ՌԻԱ- Նովոստիի» իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ գործողության ընթացքում ձերբակալվել է առնվազն երեք գրոհային։ Ավելի ուշ «Ֆոնտանական» նշել է, որ եւս մեկ գրոհային սպանվել է։




