

Հուլիսին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով «Սասնա ծռեր» խմբից բացի մյուս կալանավորված քաղաքացիական ակտիվիստների և քաղաքական գործիչների հստակ թիվ չկա: Ձերբակալվածների թվում են նաև այն անձինք, ովքեր իրենց տներում ապաստան են տվել քաղաքացիական ակտիվիստներին՝ լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարել են փաստաբաններ Սեդա Սաֆարյանը և Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով նաեւ հարուցված գործերի ընթացքին:
Սարի թաղում անցկացնելով հարցումներ՝ փաստաբան Սեդա Սաֆարյանը պարզել է, որ այն անձինք, ովքեր իրենց տներում պահել են քաղաքացիական ակտիվիստների, նույնպես ձերբակալվել են և նրանց ճակատագրերը դեռևս հայտնի չեն: Փաստաբանն ահազանգում է, որ «Սասնա ծռեր» խմբից բացի մյուս ձերբակալվածների թիվն իրավապահները հստակ չեն հայտնում, որպեսզի, Սեդա Սաֆարյանի ձեւակերպմամբ, չդասակարգվի, թե ում ինչի համար են բերման ենթարկել:
Ըստ երևույթին, այս անորոշությունը ձեռնտու է բոլորին՝ գնահատեց փաստաբանը. Սարի թաղի բնակչության՝ քաղաքացիական ակտիվիստներին ցուցաբերած օգնությունը փաստաբանները ողջունելի համարեցին, սակայն ողջունելի չէ, երբ ամենակարևոր հանգամանքների կապակցությամբ որևէ ցուցմունք կամ տեղեկատվություն չեն հայտնում: Փաստաբանների գնահատմամբ՝ բնակչությունը դրանից խուսափում է հասկանալի պատճառներով, որպեսզի վախի և քաշքշուկների մեջ չընկնի: Փաստաբանները պետք է արձանագրեն իրենց վստահորդների հետ կապված բոլոր խախտումները՝ հավելեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։
Սեդա Սաֆարյանը խոսեց ինչպես իր պաշտպանյալ Արմեն Մարտիրոսյանի, այնպես էլ Օգսեն Խուրշուդյանի և Դավիթ Սանասարյանի դատական գործերում արձանագրած տեղաշարժի մասին։ Փաստաբանի խոսքով՝ իրավիճակի փոփոխության համար փաստաբաններն իրենք թերևս մեծ անելիք չունեն: Այնուամենայնիվ, նրա փոխանցմամբ, լինելով փաստաբան, պետք է պայքարեն ներպետական դատական ատյաններում արդյունավետ պաշտպանությունը սպառելու և մարդկանց իրավունքների ոտնահարման համար Եվրոպական դատարան դիմելու համար: Հույս ունենք, որ Եվրոպական դատարանը մարդու իրավունքների հանդեպ արդարացի կլինի՝ եզրափակեց փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Նիկոլայ Բաղդասարյանի տեսակետը սակայն այլ է: Փաստաբանը նախընտրում է այս պարագայում ձեռնպահ մնալ՝ առաջին կալանքի որոշումների դեմ Եվրոպական դատարան դիմելը համարելով ավելորդ քաշքշուկ: Եվրոպական օրենսդրությունն այլ է և նրանք այլ կերպ են ընկալում դեպքերը՝ հավելեց Նիկոլայ Բաղդասարյանը։




