Ենգիբարյանի միջազգային փառատոնում այս տարի կհյուրընկալենք նաեւ ՀԱՀ մասնակցի
Օգոստոսի 10-ից 15-ը Ծաղկաձորը թատերական շունչ կստանա: Մեկնարկելու է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը, որին այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել Սերբիայի, Վրաստանի, Իրանի, Ուկրաինայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Ռուսաստանի ներկայացուցիչները։ Սերբիայից ժամանած մնջախաղի միջազգային կազմակերպության նախագահ Մարկո Ստոյանովիչը վարպետության դասընթացներ կկազմակերպի խուլերի մնջախաղի ստուդիա-թատրոնի սաների համար: Փառատոնի կազմակերպիչներն են մշակույթի նախարարությունը, Երեւանի մնջախաղի պետական թատրոնն ու Ծաղկաձորի քաղաքապետարանը: Միջոցառումը կանցկացվի վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո:
Վարպետության բաց դասեր, մնջախաղային ու պարային ներկայացումներ և մնջախաղի արվեստի խնդիրներին նվիրված կոնֆերանս: Ծաղկաձորում անցկացվող Լեոնիդ Ենգիբարյանի անվան միջազգային փառատոնի այս տարվա գերհագեցած ծրագիրն է: Ամեն տարի ընդլայնվում է փառատոնին մասնակից պետությունների աշխարհագրությունը: 5-րդ փառատոնին այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել մասնակիցներ Սերբիայից, Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Հարավաֆրիկյան Հանրապետությունից ժամանած դերասան Ջոն Ջեյքհոմսի առաջին այցն է Հայաստան: Դերասանի խոսքով՝ ճանաչողական այս այցով կփորձի մտերիմներին փոխանցել մեր մշակույթի մասին լսածն ու տեսածը, քանի որ, ըստ նրա, քչերին ենք հայտնի: «Չինաստանում, Ամերիկայում, Ֆրանսիայում շատերը գիտեն, որ ես այստեղ եմ, և սպասում են լուրերի»,- ասում է։
Ֆրանսիայից ժամանած մասնակիցն էլ՝ մեր հայրենակից Վահրամ Զարյանը, հակառակն է պնդում. աշխարհը մեզ ճանաչում է, քանի որ հայազգի շատ ստեղծագործողներ ունենք արտերկրում, ովքեր էլ հայկական հարուստ մշակույթը ներկայացնում են օտարերկրացիներին: Հայազգի դերասանը մնջախաղի միջազգային փառատոնին մասնակցում է երկրորդ անգամ: «Շատ փառատոների եմ մասնակցել, բայց Հայաստանում այլ զգացողություններ եմ ունենում: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ այստեղ ներկայացնել իմ վերջին երկու ներկայացումներից հատվածներ, որտեղ հնարավոր է տեսնել տարրեր իմ այստեղ ապրած ժամանակահատվածից»։
Այս տարվա փառատոնին կմասնակցի նաև «Մենք» խուլերի մնջախաղի թատրոն- ստուդիան։ Հայաստանի մնջախաղի թատրոնը Արցախի մշակույթի նախարարությունից ստացել է հայկական երկրորդ հանրապետությունում մնջախաղի ստուդիա բացելու առաջարկ: Մշակութային այս կրթօջախում ուսանելու հնարվորություն կունենան նաև խուլ երեխաները՝ ասում է Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը: «Հույս ունեմ, որ այդ ստուդիան շատ արագ ոտքի կկանգնի և կպատրաստի ներկայացումներ հաջորդ տարիներին մեր փառատոնում Արցախը որպես առանձին հանրապետություն ներկայացնելու համար»:
Փառատոնն այսուհետ կրելու է ամենամյա բնույթ: Վարչապետի առաջարկությամբ՝ վերանայվել է փառատոնին հատկացվելիք բյուջեն, ինչն էլ հնարավորություն է ընձեռում մեծացնել նաև այն քաղաքների ցանկը, որտեղ կկազմակերպվեն ցուցադրություններ: Ծաղկաձորյան ցուցադրություններից բացի այս տարի ներկայացումներ կլինեն նաև Դիլիջանում: Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանի խոսքով՝ նմանօրինակ փառատոները խթանում են զբոսաշրջության զարգացմանը: Ապացույցն այդ օրերին Ծաղկաձորում նկատվող զբոսաշրջիկների մեծ հոսքն է:
Փառատոնը հոգացել է նաև իր հանդիսատեսի տեղափոխման խնդիրը: Փառատոնին մասնակցելու ցանկացողները վաղը՝ ժամը 14- ին Մատենադարանի հարակից տարածքից կտեղափոխվեն Ծաղկաձոր: