Տնտեսական

Տեղի է ունենում որակապես նոր տնտեսական աճ. վարչապետ

lenabadeyan
Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ամփոփել է 2016 թվականի առաջին կիսամյակի տնտեսական արդյունքները:

«2016 թվականի սկզբին Հայաստանի Հանրապետության առջև ծառացած էին բազում, ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ ազգային անվտանգությանն առնչվող մարտահրավերներ»,-ասաց նա և նկատեց, որ Հայաստանի գործընկեր երկրներում 2015 թվականին սկիզբ առած բացասական տնտեսական ճնշումները, ինչպես նաև միջազգային տնտեսական աճի և միջազգային առևտրի դանդաղումը վտանգել էին երկրի առաջանցիկ տնտեսական աճի հեռանկարները:

Վարչապետը նաեւ  հայտնել է, որ 2016 թվականի առաջին կիսամյակի տվյալները ցույց են տալիս, որ առկա են որոշակի հաջողություններ՝ անգամ շարունակվող գնանկման համատեքստում։

«2016 թվականի առաջին եռամսյակում գրանցվեց 4.4 տոկոս տնտեսական աճ, իսկ հունվար-հունիս ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճեց 4.8 տոկոսով: Արտաքին առևտրի հաշվեկշռի դեֆիցիտը շարունակում է նվազել, սակայն ի տարբերություն 2015 թվականի, 2016 թվականի արտաքին առևտրի դեֆիցիտի նվազման հիմնական գործոն է հանդիսացել արտահանման աճը, այլ ոչ թե ներմուծման նվազումը: Կարելի է փաստել, որ չնայած ներքին սպառման կրճատմանը, Հայաստանի Հանրապետության վերջին մեկուկես տարվա տնտեսական աճն ապահովվել է արտաքին առևտրի շնորհիվ, ինչը նշանակում է, որ արդեն իսկ տեղի է ունենում որակապես նոր տնտեսական աճ։ Այն է՝ ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից մենք անցնում ենք արտադրությամբ և արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի»,- ասել է վարչապետը:

Կարդացեք նաև

Back to top button