Մշակույթ

Ռադիոտան դիմաց բացվեց Աստղերի ճեմուղին

aidaavetisyan

radio01Մեր երկրում հանրապետական նշանակության  առաջին ռադիոկայանը 1926 թվականի սեպտեմբերի 1-ին 25 րոպե տևողությամբ հեռարձակել է փորձնական ռադիոհաղորդում: Ուստի նրա ծննդյան 90-ամյա հոբելյանը հանդիսավորությամբ կնշվի այս տարվա սեպտեմբերի 1-ին: Եվ բնական է, որ հոբելյարը վերջին շրջանում նորովի է հանդերձավորվում դրսից ու ներսից և, իհարկե, ժամանակի շնչին ընդառաջ նաև բովանդակությամբ է վերանայում իր ասելիքը:

Վերջերս Հանրային ռադիոյի աշխատակիցների համար հանգստի հարմարավետ պայմանների բացումը կայացավ շենքի բակում, իսկ այսօր նույն շենքի առաջնամասում հանդիսավորությամբ բացվեց Հայաստանի հանրային ռադիոհեռուստատեսության երախտավորների աստղային ճեմուղին:

 

radio02«Մարդիկ իրենց կյանքով և աշխատանքով  են ապացուցել այն նվիրվածությունը, որ այսօր կոչվում է Հայաստանի հեռուստատեսություն 60-ամյա և Ռադիո՝ 90-ամյա պատմություն։ Իսկ նրանց համար, ովքեր դեռ շարունակում են  ապրել և ստեղծագործել, այդ թվում նաև ինձ համար, շատ մեծ պատասխանատվություն է: Իմ խորին համոզմամբ՝ ներկայիս՝ ռադիոյի և հեռուստատեսության թռիչքի զարգացման այս պայմաններում, նորը պետք է կառուցել հնի, ավանդականի վրա: Իսկ այս հուշաքարերը հենց այն սեպագիր արձանագրություններն են, հենց այն ամուր հիմքն է, որի հիման վրա պետք է կառուցել հեռուստատեսության  և ռադիոյի ապագան»,- ասում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, Հանրային ռադիոյի երկարամյա տնօրեն Արմեն Ամիրյանը։

Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության կայացմանն ու բազմաժանր բազմաբովանդակալից հաղորդումներին  առավելապես ներգրավված ու դրանց բարգավաճմանը նպաստած ակնառու վաստակաշատ մասնակիցների անուններն են  այսօր ամրագրված աստղային ճեմուղում՝ Օհան Դուրյան, Օֆելյա Համբարձումյան, Վերա Հակոբյան, Տիգրան  Նաղդալյան, Ռոբերտ Մավիսակալյան, Ջոն Կիրակոսյան, Վաչե Հովսեփյան,  Հովհաննես Բադալյան, , Գրիգոր Չալիկյան, Ժիրայր Ավետիսյան, Արմեն Ամիրյան, Կլարա Թերզյան և այլք:

radio03Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, ով նաև այս գեղեցիկ միջոցառման նախաձեռնողներից է, վստահեցրեց, որ այն ունենալու է  շարունակական  բնույթ և ոլորտում մեծ վաստակ ունեցողների անունները եւս իրենց տեղը կգտնեն աստղային ճեմուղում։  «Այդ մարդկանց շնորհիվ են զարգացել հայկական ռադիոն և հեռուստատեսությունը:  Նրանք այսօր էլ իրենց գործով օրինակ են ծառայում երիտասարդներին և բոլոր նրանց, ովքեր մինչ օրս  աշխատում են հայկական  ռադիոհեռուստաընկերությունում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր որևէ առնչություն են ունեցել այսօրվա տոնակատարությանը։ Հուսամ, որ այսօրվա միջոցառումը կլինի ավանդական և կգտնի իր արժանի տեղը»,- ասաց Ռուբեն Ջաղինյանը։

Հետայսու այս ճեմուղու անցորդները հնարավորություն ունեն ծանոթանալու հանրապետության զանգվածային գլխավոր լրատվամիջոցների կարկառուն անուններին։

Back to top button