Մշակույթ

Մինչ այս Հայաստանն աղերսվում էր ցեղասպանության հետ՝ ասում է ֆրանսահայ ռեժիսորը

alisagevorgyan

Երևանում շարունակվում է «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը, որի  «Հայկական համայնապատկեր» մրցույթում ընդգրկված է նաև ֆրանսահայ ռեժիսոր Վիգեն Արմենյանի «Ընձառյուծի լռությունը» կարճամետրաժ ֆիլմը: Ֆիլմի մանրամասներից զատ ռեժիսորն այսօր պատմել է, որ առաջին ու վերջին անգամ Հայաստանում եղել է հինգ տարեկանում՝ Բրեժնևի ժամանակներում, ուստի ոչինչ չի հիշում, իսկ  Հայաստան բառն իր ենթագիտակցության մեջ աղերսվում է Ցեղասպանության հետ։

 

Մասնագիտությամբ փիլիսոփա  Վիգեն Արմենյանը կինոյում իր առաջին փորձը կատարեց 2006-ին՝ նկարահանելով «Երջանիկ տեսարան» փորձարարարական ֆիլմը,  որը լիբանանյան պատերազմին վերաբերող ենթագիտակցական հուշեր է վերհանում: 2015-ին նկարահանված «Ընձառյուծի լռությունը»  ֆիլմի պրեմիերան  կայացել է  Վիլա դու  Կոնդիի  կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում: Այն ընդգրկված է «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի  «Հայկական համայնապատկեր» մրցույթում։

Հեռավոր մի անկյունում կորած տանը, ուր ապրում են մի քանի ընկերներով, ամեն ինչ կարծես սկսվում է սուզվել խավարի գիրկը, և ամեն կարգի շեղումներ դառնում են հնարավոր: Հենց այդ ժամանակ էլ  հորիզոնում նշմարվում է ընձառյուծը: Ֆիլմի այս բովանդակության ներքո ռեժիսորն անուղղակիորեն տարբեր ուղերձներ է փորձում հասցնել հանդիսատեսին, առանց ճշգրտումների, հնարավորինս բարդ, երբեմն անգամ խրթին լեզվով:

Լիբանանում ծնված, մեծացած, շուրջ 25 տարի Ֆրանսիայում ապրող Վիգեն Արմենյանը, կարելի է ասել, առաջին անգամ է Հայաստանում, քանի որ միակ այցը հայրենիք տեղի է ունեցել հինգ տարեկանում, ինչպես ասում է,  Բրեժնևի ժամանակներում, ուստի ոչինչ չի հիշում:

Վիգեն Արմենյանն ավելի շատ հետաքրքրված է  հայ կինոյով: Փելեշյան, Փարաջանով. նրա նախընտրած հայ ռեժիսորներն են: Ցավում է, որ բոլորովին ծանոթ չէ հայ գրականությանը: «Անուններ լսել եմ, բայց ոչինչ չեմ կարդացել»,- ասում է ռեժիսորը։

Կարդացեք նաև

Back to top button