Վերլուծական

Սիրիայում տերություններն իրենց հետաքրքրություն ունեն. ի՞նչ ակնկալել Քերիի Մոսկվա այցից

annanazaryan

Սիրական խնդրում դիվանագիտական ջանքերն անվերջ չեն կարող շարունակվել՝ առաջիկայում կոնկրետ  քայլերի բացակայության  դեպքում, ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Նա միաժամանակ սիրիական ղեկավարության վրա է դրել հրադադարի ռեժիմի խախտումների  պատասխանատվությունը և անհանգստություն հայտնել այդ առիթով:

Նա նշել է, որ խորհրդակցությունների նպատակն է առաջընթաց գրանցել Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը պահպանելու ուղղությամբ  և պայմաններ ստեղծել ընդդիմության ու Ասադի ուժերի միջեւ բանակցությունների վերսկսման համար:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի ուշ տեղեկացրեց, որ Պուտին- Քերի հանդիպումը կառուցողական էր  ու հանգամանալի, սակայն երկու երկրների միջև Սիրիայում փոխգործակցության շատ հարցեր դեռ բաց են մնում: Քերի- Լավրով այսօրվա  հանդիպումից  հետո էլ  վերջինս հայտնել է, որ զրույցը օգտակար է եղել, այն թույլ կտա վերստին ընդգծել  Սիրիական ճգնաժամի  կարգավորման  ուղղությամբ աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը:  Լավրովը շեշտել է սիրիական հարցում ԱՄՆ- հետ աշխատանքների շարունակման անհրաժեշտության կարևորությունը:

Արաբագետ Արաքս Փաշայանը մոսկովյան այս հանդիպումը «Ռադիոլուրի» հետ զրույցում հերթականը համարեց՝ նշելով, որ այն իհարկե դրական քայլ է, սակայն  բեկում չի կարող մտցնել սիրական ճգնաժամի կարգավորման գործում։ Սրանից առաջ մի քանի անգամ հանդիպել էին, քանի որ ԱՄՆ-ի եւ ՌԴ ջանքերով էր դադարեցվել կրակը՝ ասում է:

Փաշայանը նկատում է, որ սիրիական խնդրում իրենց հետաքրքրությունն ունեն ոչ միայն գերտերությունները, այլեւ տարածաշրջանի տերությունները՝ մասնավորապես Թուրքիան։ Ըստ նրա՝ մինչեւ նրանց սպասելիքները չարդարանան, այս խնդիրը լուծում չի ունենա։

Հալեպահայ,  ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանին էլ մտահոգում է ինչպես ջիհադականներով շրջապատված Հալեպի ճակատագիրը, այնպես էլ ողջ Սիրիայում տիրող վիճակը։ Նա մտահոգված է նաեւ Հայաստանում ապաստանած սիրիահայերի  ապագայով։ Նրանք ավելի շատ ուշադրության ու հոգատարության կարիք ունեն՝ ասաց։

Նա նշեց, որ միայն որոշ բարեգործական կազմակերպություններ են հետաքրքրվում սիրիահայերով։ Նա գոհ է նաև Սփյուռքի նախարարությունից՝ իրենց հնարավորության սահմաններում նրանց օգնելու համար, սակայն հայրենի իշխանությունից շատ ավելի մեծ աջակցության հույս ունի։

Կարդացեք նաև

Back to top button