Հասարակություն

Արդյո՞ք Ընտանեկան բռնության օրենքը կկանխեր սպանությունը

lenabadeyan

Օրեր առաջ Երեւանում տեղի ունեցած ընտանեկան դաժան բռնությունը, երբ կացնահարված երեք անձանցից մեկը մահացել է, իսկ երկուսը ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում, ստիպել է հասարակությանը եւ պետական տարբեր կառույցներին կրկին խոսել համապատասխան օրենքի ընդունման անհրաժեշտության մասին: «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագիծը դեռ մշակման փուլում է: Մինչ այժմ մի քանի անգամ փորձ է արվել ընդունել նմանատիպ օրենք, բայց գործընթացն այդպես էլ ավարտին չի հասցրել: Ընտանեկան բռնության խնդիրներով զբաղված ՀԿ ներկայացուցիչները պնդում են, որ բացակայում է քաղաքական կամքը, քանի որ օրենքի առկայության դեպքում անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ՝ համապատասխան ռեսուրսային կենտրոններ կառուցելու  եւ պահելու համար:

 

Եթե Հայաստանում գործեր «Ընտանեկան բռնության մասին» օրենքը, ապա հնարավոր կլիներ խուսափել վերջին դաժան դեպքից՝ խոստովանում է Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելի Դուրյանը: Հիշեցնենք՝ օրեր առաջ Երեւանում ընտանիքի նախկին փեսան կացնահարելով սպանել է զոքանչին եւ ծանր վիրավորել նախկին կնոջն ու աներոջը: Ըստ շրջանառվող լուրերի, շարժառիթը՝ խոչընդոտել են հորը տեսակցել երեխայի հետ։

Այսպիսի կանխարգելիչ լծակներ ոստիկանությունն այսօր չունի: Եթե որեւէ մեկին ահազանգի հիման վրա մեկ ժամ ավելի պահի բաժնում՝ կբարձրանա այլ բնույթի աղմուկ՝ ասում է տիկին Դուրյանը: Նա, ի դեպ, անձամբ է մասնակցում «Ընտանեկան բռնության մասին» օրենքի մշակման եւ լրամշակման աշխատանքներին: Նշում է, որ օրենքը անհրաժեշտ է եւ  անպայման ունենալու ենք այսպիսի օրենք: Քաղհասարակության ներկայացուցիչներն այս պահին վերապահումով են մոտենում խոստումներին: Կանանց աջակցման կենտրոնի հիմնադիր Մարո Մաթոսյանն, օրինակ հիմնավորում է, թե ինչու չի վստահում վերջնական արդյունքին:

Խնդրում կա մի քանի կողմ եւս: «Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիայի համակարգող Զառա Հովհաննիսյանը մատնանշում է դատական անկատար համակարգը, երբ կայացվում են կամայական որոշումներ: Վերջին ողբերգությունը կարող էր կանխվել նաեւ հենց այդ օղակում, բայց չարվեց:

Կատարված ողբերգության հանդեպ հասարակության անտարբերությունը, վերաբերմունքն ու քաղաքացիների անառողջ հետաքրքրությունն ու մեկնաբանությունները պարզապես ապշեցնում են «Կանանց ռեսուրսային կենտրոնի» սեռական բռնության ճգնաժամային ծառայության ծրագրերի պատասխանատու Տաթեւիկ Աղաբեկյանին: «Քննարկվում է հիմա, որ ինքը երեւի այսպիսի կին էր եղել, այնպիսի կին էր։ Կարեւոր չէ՝ ինքը ինչ ձեւի կին էր: Փաստը փաստ է, որ կատարվել է հանցագործություն»,- ասում է։

Պաշտոնական տվյալները փաստում են՝ այս տարվա առաջին 6 ամսվա ընթացքում ընտանեկան բռնության դեպքերն ավելացել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: «Արձանագրվել է 373 ընտանեկան բռնության դեպք՝ նախորդ տարվա 342-ի դիմաց: Այս տարի հարուցվել է 60 քրեական գործ, որից 19 ուղարկվել են դատարան, 40- ը կարճվել են: Կենակցի կողմից արձանագրվել է 3 դեպք, ամուսնու կողմից կնոջ նկատմամբ՝ 244 , կնոջ կողմից ամուսնու նկատմամբ՝ 7, ծնողի կողմից զավակի նկատմամբ՝ այս տարի 32, նախորդ տարի 29 եւ զավակի կողմից ծնողի նկատմամբ այս տարի 45 նախորդ տարվա 50-ի դիմաց»,- վիճակագրություն է ներկայացնում Նելի Դուրյանը։

Ընտանեկան բռնության արդյունքում այս տարի գրանցվել է 4 սպանության դեպք՝ ներառյալ վերջինը: Ընտանեկան- կենցաղային ոլորտի իրավախախտումներ թույլ տված եւ ոստիկանությունում հաշվառված 544  ընտանիք կա: Դեպքերը հիմնականում գրանցվել են Երեւանում, Կոտայքի, Շիրակի եւ Լոռու մարզերում:

Կարդացեք նաև

Back to top button