
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված «Թևանիկ» եռերգությունը ևս մեկ միջազգային մրցանակի է արժանացել` հաղթելով Hollywood International Moving Pictures Film Festival 2016 կինոփառատոնում:
Ինչպես փոխանցում է Horizon Weekly-ն, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը: Ֆիլմը հաղթող է ճանաչվել «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
«Թևանիկ» ֆիլմն արտադրվել է 2014 թվականին: Ստեղծման օրվանից ֆիլմը մասնակցել է բազմաթիվ կինոփառատոների և արժանացել բազմաթիվ մրցանակների:
«Թևանիկը» եռապատում է` նվիրված արցախյան պատերազմին և ներկայացնում է երեք 14-ամյա պատանիների ճակատագիրը, նրանց կյանքի մեկ օրը: Դեպքերը կատարվում են նույն գյուղում, հերոսների ճակատագրերն ընթանում են զուգահեռ, երբեմն էլ հատվում են:
Ֆիլմն ընդգրկված է նաև ռուսական VOICES կինոփառատոնի մրցութային ծրագրում, որը կայանալու է Վոլոգդայում հուլիսի 7-9-ը:




