Տնտեսական

Հարկային օրենսգիրքը պետք է ընդունվեր կոնսենսուսով. մեկնաբանում են գործարարներն ու տնտեսագետները

arminegevorgyan

Խնդրահարույց Հարկային օրենսգիրքն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց և անցավ 68 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հարկային խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանի կարծիքով՝ նոր օրենսգիրքն ունի դրական կողմեր, բայց ունի նաև թերություններ: Իսկ «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության» ՀԿ անդամ  Արմեն Եսոյանն էլ  ասել է, որ կան դրույթներ, որոնց հետ բացառապես համաձայն չէ:  Օրինակ՝ օրենսգրքի նախագծով  ամրագրվում է  հարկային մարմնի՝ զենք կրելու իրավունքը:

 

Հարկային  նոր օրենսգրքի քննարկումն ԱԺ- ում շատ բուռն անցավ: Քննադատում էին թե իշխանական, թե ընդդիմադիր պատգամավորները:  Իսկ որոշ գործարար պատգամավորներ քննադատելով քարը քարի վրա չթողեցին։ Սակայն խնդրահարույց օրենսգիրքն  առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց ու  անցավ 68 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

«Հարկային նոր օրենսգրքի նախագիծը և տնտեսության մարտահրավերները» թեմայով այսօրվա քննարկման ժամանակ Հարկային խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը նշեց, որ նոր օրենսգիրքն ունի դրական կողմեր, բայց ունի նաև թերություններ: Դրանցից մեկն էլ եկամտահարկի դրույքաչափի  բարձրացումն է։ «Եթե այսօր դրույքաչափի փոփոխություն ենք անում, ապա պետք է հասկանանք` ի՞նչ ռեակցիա է տալու: Վստահ կարող եմ ասել՝ լրիվ թերհայտարարագրում է գնալու»:

Վահագն Համբարձումյանը նկատում է, որ կա աշխատողին չգրանցելու պրակտիկա, որը հարկային մարմինների կողմից կարող է բացահայտվել: Բայց  երբ կա գործատուի և աշխատողի փոխհամաձայնությունը՝ դժվար է պարզել, որ աշխատավարձը թերհայտարարագրված է։ Վերջինս նկատում է նաև, որ այս նոր հարկային օրենսգրքի հաստատումով միջին խավի  հարկային բեռն ավելանալու է ,քանի  որ  օրենսգրքով փոխվելու է նաև եկամտահարկի չափը:

Մասնավորապես 120 հազ. դրամ աշխատավարձի դեպքում, եթե նախկինում 24,4 տոկոս էր պահվելու, ապա այժմ` 23 տոկոս, մինչև 2 միլիոն դրամի դեպքում 26 տոկոսի փոխարեն պահվելու է 28 տոկոս, 2 միլիոնից ավել աշխատավարձի դեպքում՝ 36 տոկոսի փոխարեն 33 տոկոս է պահվելու:

«Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության» ՀԿ անդամ  Արմեն Եսոյանը նկատում է, որ փաստաթուղթն այս տեսքով ընդունել չէր կարելի, քանի որ կան թե՛ օրենսդրական տեխնիկայի  հարցեր, թե՛ բազմաթիվ դրույթների կրկնություններ: «Ինչի՞ համար է Հարկային օրենսգրքի նոր նախագծում ամրագրված հարկային մարմնի զենք կրելու անհրաժեշտությունը: Հարկային մարմնի՝ զենքի կրելու իրավունքն այստեղ ամրագրելը մեծ խնդիր է»,- նշում է։

Իսկ ահա  ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանն առայժմ այս փաստաթղթի շուրջ համաձայնություն չի տեսնում։ Ասում է,որ  սա ոչ միայն ֆինանսական, պետություն-հարկատու հարաբերությունները կարգավորող փաստաթուղթ է, այլև քաղաքական փաստաթուղթ է, քանի որ այն պետք է կոնսենսուսի արդյունքում ընդունվի:

Ատոմ Մարգարյանը կանխատեսում է, որ եթե նման կոնսենսուսային  փաստաթուղթ չուենցանք,ապա կշեղվեն հարկատուների և հասարակության սոցիալական ակնկալիքները, ու հարկային օրենսդրությունը չի աշխատի:

Կարդացեք նաև

Back to top button