

«Անդրկովկասը քաոսի և զարգացման միջև. մերձավորարևելյան անկայունության գոտուց դեպի եվրասիական ելք՝ ներդրումների ազատ միջանցք և երկաթյա վարագույր ահաբեկչության համար» այսպիսի խոստումնալից խորագրով այսօր քննարկում է կայացել հայ և ռուս փորձագետների, քաղաքագետների մասնակցությամբ, որի ընթացքում հիմնականում շեշտվել է Ռուսաստանի դրական դերակատարությունը տարածաշրջանի կայունության պահպանման հարցում:
Ռուսաստանը մեր տարածաշրջանում խաղաղարարի դեր է կատարում,պահպանում կայունություն, մինչդեռ Թուրքիան «տերմինատոր» պետություն է ու սպառնալիք է ներկայացնում երկրների համար, սա այն հիմնական շեշտադրում էր քննարկումներում, որ կարմիր գծով անցնում էր բոլոր հայ և ռուս քաղաքագետների ու փորձագետների վերլուծություններում:
Զրո խնդիր հարևանների հետ Անկարայի որդեգրած քաղաքականությունը լրիվ հակառակ արդյունք տվեց: Խոսելով Էրդողանի քայլերի մասին՝ Մոսկվայի Արևելագիտական հետազոտությունների, միջազգային հարաբերությունների և հրապարակային դիվանագիտության կենտրոնի տնօրեն, թուրքագետ Վլադիմիր Ավատկովը Թուրքիային բնորոշեց որպես ապակայունացնող պետություն: «Այսօրվա Թուրքիան, որի հետ մենք գործ ունենք, Էրդողանի Թուրքիան է՝ միահեծան կառավարման համակարգով: 05.35 Թուրքիան ուզում է ազդել աշխարհաքաղաքական իրադարձությունների վրա ու քաոս ստեղծել Անդրկովկասում: Իհարկե՝ այդ երկիրը չունի նման ծրագրեր իրականացնելու ռեսուրսներ, իսկ Ռուսաստանն ամեն ինչ կանի տարածաշրջանում կայունությունն ապահովելու համար»,- ասաց:
Մոսկվայի Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովն էլ, խոսելով ապրիլյան ռազմական գործողությունների մասին, վստահաբար նշեց, թե հրահրիչ դեր է կատարել դրանում հենց Թուրքիան։ «Ապրիլի սկզբին շփման գծում տեղի ունեցած իրադարձություններում՝ նկատի ունեմ լարվածությունը, լուրջ դերակատարություն է ունեցել հենց Թուրքիան ու անձնապես Էրդողանը: Էրդողանի պես ղեկավարը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար: Ռուասաստանը խաղաղություն է բերում, իսկ Թուրքին ու նրա կողմնակիցները՝ քաոս են առաջացնում: Կարծես՝ ընտրություն է ստացվում կամ քաոս ու պատերազմի, կամ խաղաղության միջեւ։ Եթե պատերազմ՝ ուրեմն որևէ զարգացում չի լինի»:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը խոսեց պատժամիջոցների վերացումից հետո Իրանի դերի բարձրացման մասին ու նշեց, որ տարածաշրջանում երկրորդ կայունացնող դերակատարություն ունեցող երկիրը պաշտոնական Թեհրանն է: «Իրանի ներկայությունն այստեղս կամ նրա վերադարձը, քաղաքականությունը կայունացնող դեր ունի: Հայաստանի հետ առանձնահատուկ վերաբերմունքն ու ԵԱՏՄ-ի անդամ միակ երկիր լինելու հանգամանքը նոր հեռանկարներ են բացում»։
Ադրբեջանին Թուրքայի ազդեցությունից դուրս բերելու համար Ռուսաստանը կարող է քայլեր անել, ինչը ՀՀ-ում անհանգստություն է առաջացնում, և այստեղ կարևոր է, որ ՌԴ- ն նույն սխալը թույլ չտա, ինչ եղավ Թուրքիայի հետ՝ ասաց իրանագետը:
Ըստ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի՝ քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանի ԶՈւ-ում հսկայական միլիոնավոր նավթադոլարները ոչ թե մարտունակություն են սովորեցրել, այլ հայատյացության գաղափարախոսություն քարոզել՝ ասաց:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ, ի պատասխան հնչած կարծիքների, նշեց, որ վերջին շրջանում ներկայացվող «Ռուսաստանը խաղաղարար է իսկ Թուրքիան պատերազմ է բերում» թեզն առաջացավ Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից հետո: Իսկ ինտեգրացիոն ուղղությունների մասին խոսելով՝ ասաց, որ պետք է հստակ հասկանալ, որ Մոսկվային երրորդ թեժ կետը պետք չէ Սիրիայի ու Ուկրաինայի կողքին ու ինտեգրման մասին պետք է զգուշորեն խոսել, պետք չէ արագացնել գործընթացները:«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդտեղ ամեն ինչ պարզ է։ Նրանք պատրաստ են հաշտության անգամ սատանայի հետ, միայն թե Արցախն ամբողջությամբ իրենցը լինի»:
Իհարկե՝ կողմ եմ Ռուսաստանի հետ ինտեգրման գործընթացներին, սակայն շտապողականություն պետք չէ՝ եզրափակեց քաղաքագետը:




