Տնտեսական

Էներգիայի սակագինն իջնում է 3 դրամով. ավելին իջեցնելու հնարավորություն չկար՝ ասում են ՀԾԿՀ- ից

hasmikdilanyan

Հունիսի 24-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակեց սեփական նախաձեռնությամբ սկսված   ուսումնասիրության արդյունքները:  Տեղեկացնենք, որ օգոստոսի մեկից էլեկտրաէներգիայի սակագինը  2,58 դրամով կնվազի: Մինչ  մի խումբ փորձագետներ պնդում են, որ ավելին իջեցնելու հնարավորություն կար, ՀՀԿ  խմբակցության պատգամավոր  Սուքիաս Ավետիսյանն էլ կարծում է, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում կորուստների նվազումից  հետո  գուցե նորից սակագների նվազմանը վերադարձ կատարվի:  Իսկ ՀԷՑ-ում ներդրումային նոր ծրագրերի են նախապատրաստվում:

 

Հայաստանում վերջին տարիներին ձևավորված օրինաչափությունն այս տարի խախտվեց:  Համատարած թանկացումների ֆոնին քիչ,  սակայն նվազում արձանագրվեց: Խոսքն այս դեպքում էլեկտրաէներգիայի սակագնի մասին է, որը, հիշեցնենք, այս տարվա օգոստոսի մեկից 2,58 դրամով կնվազի: Դեռ մեկ տարի առաջ Հայաստանում էլեկտրաէներգիան թանկացավ 6,93 դրամով, ինչը հասարակական լուրջ դժգոհության առիթ դարձավ։ Վերջին մեկ տարում հոսանքի գինը նախ բարձրացավ մոտ 7 դրամով, ապա իջավ մոտ 3 դրամով։  ՀԾԿՀ –ում վստահեցնում են` ավելին իջեցնելու հնարավորություն  չկար: Հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը պարզաբանում, որ սակագինը բարձրացվում է ` հաշվի առնելով նախորդ  տարվա գործոնները, իջեցվում է` այս անգամ հաշվի առնելով այս տարվա գործոնները:  Մեծամորի  ատոմակայանը երկու ամիս աշնանը, երկու ամիս էլ գարնանը տեխնիկական  վերազինման է կանգնելու:  «350 մլն կվտ ժամը պետք է այլ կայաններով   լրացվի: Կայանների արտադրած էլեկտրոէներգիայի սակագինն ավելի բարձր է, քան՝ Մեծամորի ատոմակայանինը: Սա արդեն ծախսերի ավելացման է բերելու»,- մեկնաբանում է ՀԾԿՀ-ի  սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը։

Բացի այդ, հիշեցնենք, «Հայաստանի բարձրավոլտ ցանցեր»  ՓԲԸ –ի նախաձեռնած երկու նոր ծրագրերն իրականացնելու համար վարկային միջոցներ են ներգրավված,որոնք  պետք է մենք` սպառողներս,  սպասարկենք:  Օրակարգում Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ    և  Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցումն է:  Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը փորձում է հավատալ ավելին իջեցնելու հնարավորություն չկար հայտարարություններին։ «Սակայն, տվյալ ոլորտի ոչ թափանցիկ աշխատանքի պատճառով մենք չենք հավատում, պարզապես չենք հավատում,որ հնարավորություն չկար: Մեր քաղաքացիները բոլոր դեպքերում կարող են ցանկացած բնույթի, մինչև անգամ մեծ դժվարություններ կրել միայն ու միայն այն պարագայում, երբ մենք գտնվում ենք օբյեկտիվ  դժվարությունների առջև: Հիմա  ես կարծում եմ, որ մենք չենք գտնվում  օբյեկտիվ  դժվարությունների առջև»։

Բոստանջյանը  դրականն էլ է նկատում` լավ է, որ էլեկտրաէներգիայի սակագինը գոնե  չբարձրացավ:

«Չեմ կարծում, որ այս իջեցումը  վերջին հնարավորությունն է»,- ասում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` չբացառելով, որ առաջիկայում գուցե նվազեցում նույնպես արձանագրվի: Լավատեսության հիմքում էներգետիկ  համակարգի արդիականացման ծրագրերն են  ու Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում սկսված ներդրումային  ծրագրերը: «Համակարգում մեծ ներդրումներ են արդեն սկսել անել, իսկ դա կարծում եմ հնարավորություն կատ, որպեսզի առաջիկայում խուսափել կորուստներից, որը այսօր կա  համակարգում:  Ներդրումների արդյունքում կորուստների կրճատում կունենանք, որի արդյունքում միգուցե հնարավոր լինի նորից վերադառնալ սակագնին»:

«Հուլիսի առաջին տասնօրյակում տեղի կունենա ավտոմատացված համակարգի շնորհանդեսը, կարևորագույն բաղադրիչներից է  նաև առկա համակարգերի վերակառուցումը»,- ասում է  ՀԷՑ-ի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը և վստահեցնում` առաջիկա ամսվա ընթացքում բոլոր  հաշվիչները ստուգաչափում  կանցնեն:

 

Back to top button