Հասարակություն

Փշրվել է վստահության գավաթը. մարտակերտցիները խաղաղության հնարավորության մասին

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Ադրբեջանի հետ հարաբերությունների  թեման միշտ էլ իր  հաստատուն տեղն ունի արցախցիների առօրյայում:  Որ ինչ-որ ձեւով հարեւանի հետ պետք է հաղորդակցվել, գիտակցում են  բոլորը:  Բայց, եթե մինչեւ ապրիլ  բարձր մակարդակով ու հասարակական որոշ հարթակներում շփումներն այդ հարաբերությունների կարգավորման հեռանկար էին ուրվագծում, ապա այժմ մարդիկ այլ հարցերի պատասխան են ուզում։ ստանալ՝ ցավով խոստովանելով,  որ ապրիլյան պատերազմը փշրել է վստահության գավաթը: Բարդ քաղաքական ձեւակերպումներից հեռու են ապրիլյան պատերազմի հարվածը զգացած  մարտակերտցիները:

Գուրգեն Նալբանդյանը երկար տարիներ աշխատել է ադրբեջանցիների հետ:  Պատերազմի եւ խաղաղության, հարեւանների հետ հետագա հարաբերությունների մակարդակի հարցը նրա կարծիքով քաղաքական գործիչների որոշելիքն է, բայց  ապրիլյան իրադարձությունները զգոնության կոչ էին , որը չպետք է անտեսել:

Վալերի Մովսիսյանը երկրորդ կարգի հաշմանդամ է: Վիրավորվել է նախորդ պատերազմի ժամանակ: Ապրիլյան իրադարձություններից հետո  հարեւան պետության հետ հարաբերություններին չի հավատում, հավասարության նշան է դնում ցեղասպան Թուրքիայի եւ նորօրյա Ադրբեջանի միջեւ:

Ապրիլն ու դրան հաջորդած ժամանակաշրջանը վստահության կորստի շրջան էին, եւ դա միայն հարեւան պետության հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին չէ ասված:   Մարդիկ քննարկում են տեղեկատվական հոսքերից լսածը:

Մելսիդա Քարդումյանը Մարտակերտի դպրոցներից մեկի տնօրենն է: Ցավով է արձանագրում հակամարտության հարցով միջնորդ երկրների ոչ անաչառ վերաբերմունքը։ Մինչեւ  վերջին իրադարձություները խաղաղարար որոշ ծրագրերի է մասնակցել. հուսով, որ երկխոսություն պիտի ծավալվի, ասում է, որ զարմացած էր ադրբեջանական դպրոցներում հայատյացության սերմանումը հայտնաբերելով, ինչն էլ նրան  հուշեց, որ հակամարտությունը դեռ երկար  պիտի շարունակվի: Կասկածները հաստավեցին ապրիլի սկզբին:

Վագիֆ Միրզոյանի համար խնդիրը վաղուց լուծված է: Երկու տղաները առաջնագծում են, ինքն ու կինը Մարտակերտում. բոլոր նրանք, ովքեր ինչ-որ մի ձեւով կփորձեն ոտնահարել Մարտակերտում ապրելու իրավունքը, իր թշնամին են:

Ինչ պիտի անել հիմա, հարցին մարտակերտցիները   պատասխան ունեն. պետք է զինվել. Ազնվությամբ՝ ապրիլյան պատերազմի   վերհանած թերությունների մասին խոսելով, զինվել `դրանք վերացնելու  աշխատասիրությամբ եւ զինվել ընդհանրապես։

Կարդացեք նաև

Back to top button