

«Նաիրի» բժշկական կենտրոնում շուրջ երկու ամիս առաջ բացված հայ-ֆիննական Կոկսա-Նաիրի օրթոպեդիկ կլինիկայի շնորհիվ Հայաստանում իրականացվում է նախադեպը չունեցող հոդերի երկրորդային իմպլանտացիա: Եթե նախկինում երկրորդային իմպլանտացիայի դեպքում մեր հայրենակիցները մեկնում էին արտերկիր ու վիրահատությունները կատարում այնտեղ, քանի որ Հայաստանում չկար այդ հնարավորությունը, ապա դրա անհրաժեշտությունն այլևս չկա: Նորաբաց կենտրոնում արվում է ծնկների, կոնքերի և ուսագոտու էնդոպրոթեզավորում: Մինչև այս էլ Հայաստանում նման վիրահատություններ արվում էին, սակայն հետագա բարդությունների ռիսկ կար: Նեղ մասնագիտացված այս կենտրոնը բացառում է հետվիրահատական ռիսկերը, երաշխավորում արդյունավետ բուժում ու կրճատում ապաքինվելու ընթացքը, լրագրողների հետ զրույցում ասել է «Նաիրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին:
Կլինիկան միակն է տարածաշրջանում: Կարճ ժամանակահատվածում արդեն 13 վիրահատություն է կատարվել՝ ներկայացնելով բաժանմունքի առանձնահատկությունները նշել է բժիշկ օրթոպեդ Հրաչյա Հարությունյանը:




