

«Գազպրոմ Արմենիա» ընկերության՝ գազի սակագնի նվազեցման մասին հայտի ընդունումից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ սկսեց էլեկտրաէներգիայի սակագնի նվազման ուսումնասիրություն կատարել: Վերջնական որոշում դեռ չկա, սակայն քննարկումներից պարզ է, որ այն կիջնի շուրջ երեք դրամով: Փորձագետները պնդում են, որ ավելին իջեցնելու հնարավորություն կար: Շարքային սպառողներն էլ առանձնապես ակնկալիքներ չունենք հոսանքի գնի շուրջ երեք դրամ իջեցումից:
Շարքային սպառողներիս համար վերջին տարիների ամառն իր հետ միայն սակագների բարձրացում էր բերում: Այս տարին ,թերևս, բացառություն է, քանի որ ՀԾԿՀ ամառային որոշումները ոչ թե սակագնի բարձրացման, այլ նվազման մասին են: Այլ հարց է, կա՞ր արդյոք ավելին նվազեցնելու հնարավորություն, թե՞ ոչ: Որոշում դեռ չկա, փոխարենը քննարկումների պակաս չի նկատվում: «Իրազեկ և պաշտպանված սպառող» կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ, ըստ շրջանառության մեջ դրված լուրերի, էլեկտրաէներգիայի սակագնի մոտ երեք դրամի գնանկում է սպասում:
Էլեկտրաէներգիայի սակագնի նվազման այս հնարավորությունն է քննարկվում։ Բաբկեն Պիպոյանն առայժմ դժվարանում է հստակեցնել՝ թե էլեկտրաէներգիայի սակագնի որքան նվազում կարելի է ակնկալել:
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանի սպասումներն էլ չեն արդարացել: Չիլինգարյնաի խոսքով, այս նվազեցումն ըստ էության սպառողին ոչինչ չի տալու: Նախորդ բարձրացումները համադրելով ասում է՝ նախկին շուրջ 17 տոկոս բարձրացումից հետո ներկյաիս շուրջ 5 տոկոսի նվազումը ոչինչ չի փոխելու:
Բաբկեն Պիպոյանը շարքային սպառողների համար չնչին դրական փոփոխություն , այդուհանդերձ , արձանագրում է՝ հատկապես ձմռան ամիսներին: Հիշեցնում է նաև օրինաչափությունը. «Հոսանքի գնի բարձրացմանը զուգահեռ բարձրանում են նաև այն ապրանքների գները, որոնց ինքնարժեքում էլեկտրաէներգիան մեծ տեղ է զբաղեցնում, գնանկման դեպքում, սակայն, ապրանքների գնի նվազում չի արձանագրվումց,- պարզաբանում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» կազմակերպության նախագահը:




