
Գերմանիայի միգրացիայի և ինտեգրման հարցերով թուրքական արմատներով նախարար Այդան Օզողուզը գերմանական «Deutsche Welle» պարբերականի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման և Թուրքիայի ու Եվրամիության միջև ստորագրված Միգրացիոն համաձայնագրի հնարավոր առկախման մասին՝ հայտնում է Ermenihaber- ը։
Լրագրողի այն դիտարկմանը, թե Գերմանիայում ապրող թուրքերի մի մասը այդ երկրի քաղաքացիություն չունենալու պատճառով չի կարողանում ուղղակիորեն մասնակցել քաղաքական կյանքին` հույսը դնելով թուրք պատգամավորների վրա, սակայն նախորդ շաբաթ տեղի ունեցած քվեարկությունից հետո նրանք հիասթափություն ապրեցին, Օզողուզը պատասխանել է. «Ըստ իս` մենք, որպես պատգամավոր, արտահայտել ենք մեր տեսակետները: Ոմանք չմասնակցեցին քվեարկությանը, ոմանք էլ նույնիսկ ելույթ չունեցան: Հասկանում ենք, որ թուրքերի համար սա զգացմունքային հարց է, բայց չի կարելի սպասել, որ բոլոր պետք է պաշտպանեն նույն տեսակետը: Այս թեման ընդունվել է երկարատև ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում: Կարող եք այլ կերպ մտածել, կարող եք քննադատել, սակայն ճիշտ չէ սպառնալ և վիրավորել հակառակը մտածողներին»:




