Միջազգային

Տեղի կունենա Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահների եռակողմ հանդիպումը

Կրեմլն այսօր հաստատել է. նախապատրաստվում է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների մակարդակով հանդիպում, դրա անցկացման ժամկետները դեռևս հստակեցված չեն: «Նման հանդիպում նախապատրաստվում է, ավելի ուշ կհայտնենք անցկացման վայրն ու ժամկետները»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նախօրեին Բաքվում Իրանի դեսպան Մոհսեն Պաքայինը նույնպես անդրադարձել էր սպասվող գագաթաժողովին՝ հայտնելով, որ այն առաջիկայում կայանալու է Բաքվում:

Նշենք, որ Վլադիմիր Պուտին- Հասան Ռոուհանի- Իլհամ Ալիև եռակողմ հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էին բերել երեք երկրների արտգործնախարարները, որոնք հանդիպել էին ապրիլին՝ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողություններից անմիջապես հետո:

Արտգործնախարարներն այն ժամանակ հայտնել էին, որ գագաթաժողովի օրակարգում առաջնային են լինելու անվտանգության հարցեր, խոսվելու է նաև ղարաբաղյան կարգավորման մասին:

Մոսկվան, ինչպես նաև Թեհրանը, սատարում են Բաքվի ու Երևանի միջև խաղաղ բանակցությունների առաջ մղմանը:Ինչպես Մոսկվայի, այնպես էլ Թեհրանի դերը  արցախյան հակամարտության կարգավորման գործում հայտնի է: Ռուսաստանը խնդրի կարգավորմամբ զբաղվող միջնորդ երկիր է, Իսլամական Հարապետությունը, որպես տարածաշրջանային երկիր, առաջարկում է իր միջնորդական ջանքերը: Պաշտոնական Թեհրանն աջակցելու իր պատրաստակամության մասին քանիցս հայտնել  է նաև ապրիլյան սրացման օրերին:

Կարդացեք նաև

Back to top button