Ցեղասպանություն 100Քաղաքական

Առաջին միջազգային քննությունը՝ Թուրքիայի նոր վարչապետի համար

karenghazaryan
Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի նախագծի ընդունման հարցում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը լավատեսական հայացքներ չունի: Ամեն դեպքում, նա կարծում է, որ բանաձեւի ձեւակերպումների մեջ հետաքրքիր տարրեր կան եւ եթե բանաձևը չանցնի էլ, այն իր հետ բերելու է դրական ալիք՝ միջազգային մամուլում Ցեղասպանության հարցի քննարկման վերաբերյալ: Թուրքագետ Հակոբ Չաքրյանի գնահատմամբ, մինչդեռ, բանաձեւի ընդունման հավանականությունը բավականին մեծ է եւ ինքը կարծում է, որ դրա կասեցումը Մերկելին չի հաջողվի՝ չնայած վերջինս Էրդողանին խոստացել է, որ ամեն ինչ կանի:

 

 

Վաղը Գերմանիայի Բունդեսթագում քննարկվելիք բանաձևի ձևակերպումն իր մեջ հետաքրքիր տարր է պարունակում՝ գնահատեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Բանաձեւում շեշտադրվում է «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանությունը» եւ, ըստ Ռուբեն Մելքոնյանի, դա հետաքրքիր մեսիջ է առ այն, որ Ցեղասպանության 101-ամյակից հետո էլ Ցեղասպանության ընկալման գործընթացները միջազգային հանրության մեջ տարածվում են:

Մյուս կողմից. «Բանաձևում ընդհանրական ձևակերպում է արված, որ Օսմանյան կայսրությունում հայերի և մյուս քրիստոնյաների նկատմամբ իրականացված ցեղասպանություն: Այսինքն, այս բանաձեւը ինչ-որ տեղ մեր տեսակետն ապացուցելու է գալիս, որ՝ Օսմանյան կայսրությունում քրիստոնեաների ցեղասպանություն է իրականացվել եւ դա խոսում է այդ պետության պետական մտածելակերպի՝ այլամերժության մասին»:

Թեպետ այստեղ որոշակի չափով Հայոց ցեղասպանության բացառիկությունը ստվերվում է, բայց դրական շեշտադրումները բանաձեւում ակնհայտ են՝ հավելեց թուրքագետը:

Ինչ վերաբերում է հարցի քննարկման վերաբերյալ թուրքական արձագանքներին. ըստ Ռուբեն Մելքոնյանի՝ թուրքական արձագանքները ստանդարտ են, ինչը այդ երկրի արտաքին քաղաքականությանը նետված մարտահրավեր է՝ արտաքին քաղաքականության ճարտարապետ Դավութօղլուի հեռանալուց հետո վերադարձ հին մեթոդներին:

«Սա այն առաջին մարտահրավերն է լինելու, որին թուրքական արտաքին քաղաքականությունը փորձելու է դիմագրավել առանց այդ արտաքին քաղաքականության ճարտարապետ Դավութօղլուի, և միաժամանակ նոր վարչապետի համար սա լինելու է առաջին միջազգային քննությունը»:

Բունդեսթագում 630 խորհրդարանական կա, և այս թիվը խոսում է բանաձևի քննարկման վտանգավոր լինելու մասին, քանի որ անցնելու հավանականությունը կապված է մի շարք խնդիրների հետ՝ կարծիք հայտնեց Ռուբեն Մելքոնյանը: Նա ասաց, թե լավատես չէ. Բունդեսթագում բանաձեւի ընդունման հավանականությունը շատ ավելի քիչ է, քանի որ ռեալ քաղաքական շահերը հաճախ բախվում են բարոյական խնդիրների հետ, և գերակայող են լինում ռեալ քաղաքական շահերը: Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության խնդիրը ևս մեկ անգամ դառնում է միջազգային շահարկման առարկա, այս անգամ՝ Գերմանիայի կողմից:

«Եթե նույնիսկ բանաձևը չանցնի էլ, այն իր հետ բերելու է դրական ալիք եւ սա միգուցե օգնի թուրքական եւ գերմանական հասարակությունների մեջ Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման, ընկալման ավելի լայն հորիզոններ ձեռք բերելու գործին»:

Մեկ այլ թուրքագետի՝ Հակոբ Չաքրյանի գնահատմամբ, մինչդեռ, թեպետ Էրդողանը դիմել է Մերկելին, վերջինս էլ խոստացել է, թե ամեն ինչ կանի, բայց կհաջողի՞ արդյոք, ինքը կասկածում է:

Մերկելից կա բավականին դժգոհություն ոչ միայն քաղաքական կուսակցությունների, այլ նաեւ շարքային գերմանացիների շրջանում՝ նկատեց բանախոսը: Նա նաեւ հիշեցրեց, որ անցած տարի բանաձեւը քվեարկությունից հանվեց ոչ Մերկելի ասելով, այլ՝ ընդդիմադիր ուժերից «Կանաչների միության», քանի որ իրենք ունեցել են ավելի բովանդակալից բանաձեւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

 

Գերմանիան այն երկիրն է, որի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը, թուրքագետների կարծիքով, իր հետ բերելու է խնդիրներ. ոչ միայն ճանաչում, այլ նաև դատապարտում և հատուցում:

Back to top button