Հասարակություն

Անչափահասների կողմից կատարված հանցագործությունները նվազել են

karenghazaryan
Անչափահասների կողմից կատարված հանցագործությունները նախորդ տարվա համեմատությամբ նվազել են: Անցյալ տարվա 100 դեպքի դիմաց այս տարվա անցած 4 ամիսներին արձանագրվել է անչափահասների կողմից կատարված հանցագործության 83 դեպք: Այս ասին լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտնել է Ոստիկանության անչափահասների հարցերով վարչության պետ Նելլի Դուրյանը: Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսում այսօր խոսվել է նաեւ երեխաների իրավունքների խախտումների, նրանց պաշտպանվածության խնդիրների, ինչպես նաեւ այդ նպատակով իրականացվող ծրագրերի մասին, որոնք մանրամասնել են ՀՕՖ-ի եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչները:

 

Այս տարի նախորդ տարվա համեմատ անչափահասների կողմից կատարված հանցագործությունները նվազել են 17 դեպքով: Ոստիկանության անչափահասների հարցերով վարչության պետ Նելլի Դուրյանի փոխանցմամբ՝ զգալի աշխատանք է կատարվել, նաեւ՝ դպրոցներում եւ ինքը հույս ունի, որ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների արձանագրված ցուցանիշները չեն ավելանա: Անդրադառնալով անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործություններին՝ Նելլի Դուրյանը նշեց, որ այդ առումով եւս ոշակիորեն նվազում է արձանագրվել.

«Այս տարի մի փոքր նվազում է արձանագրվել: Եթե նախորդ տարվա 4 ամիսների ընթացքում դեպքերը 74-ն էին, ապա այս տարի 71-ն են: Երեք դեպքով նվազել են: Հիմնականում՝ մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերն են, որոնք նաեւ անչափահասների կողմից են»:

Ընտանիքներում արձանագրված դեպքերը նախորդ տարի 4-ն էին, իսկ այս տարի մի փոքր ավելացում կա՝ անչափահասի նկատմամբ ծնողի կողմից բռնության՝ մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպք է արձանագրվել:

Երեւանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանի խոսքով՝ մուրացիկ երեխաների թվի աճ է արձանագրվել վերջերս: Եռաստիճան համագործակցությամբ որոշակի համատեղ աշխատանքներ այդ առումով տարվում են եւ որոշակի արդյունք կա՝ ասաց նա: Մի մտահոգիչ տվյալ նույնպես Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչը հայտնեց.

«Խնդիրներով երեխաների՝ մանկատուն տեղավորումն է: Կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ բավականին ավելացել է հատուկ կարիք ունեցող երեխաների մուտքը մանկատուն»:

Իրենց կողմից ցուցաբերվող աջակցության մասին խոսելիս էլ՝ Իդա Խաչատրյանն ասաց, որ դրանք եւ սոցիալական աջակցություններ են եւ իրավաբանական խորհրդատվություն՝ երեխաների տեղավորման, կողմնորոշման հարցերի շուրջ, երբ հնարավոր չէ երեխաներին ընտանիքում պահելը: Ոստիկանության ներկայացուցիչ Նելլի Դորյանն էլ հավելեց, որ համագործակցությունը բազմաշետ է, ինչը բավականին օգտակար է, քանի որ առանց դրա հնարավոր չէ երեխայի հարց լուծել:

«Ամեն մեկը իր մասով պիտի աշխատանք տանի, որն այսօր իրականացվում է»:

ՀՕՖ-ի երեխաների կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի խոսքով՝ իրականում գործ ունենք սոցիալական խնդիրների հետ, որոնք բազմաբնույթ են ու չեն կարող ունենալ ընդամենը մեկ բավարար պատասխան: Իրենք զբաղվում են վերականգնողական խնդիրներով: Կենտրոն են այցելում նաեւ հանրապետության բոլոր մարզերից երեխաներ: Կարծում է, որ վերականգնողական խնդիրներով զբաղվող կենտրոններ են անհրաժեշտ: Ըստ ՀՕՖ-ի ներկայացուցչի՝ խնդիրը կարող է որոշակիորեն լուծում ստանալ սոցիալական աշխատողների ասպարեզ գալով, ինչի ռազմավարությունն արդեն որդեգրել է սոցապնախարարությունը:

Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների եւ երեխաների նկատմամբ բռնությունների ցուցանիշերում առյուծի բաժինը Երեւանինն է եւ մայրաքաղաքում էլ այդ ուղղություններով համապատասխան համատեղ, բազմաշերտ աշխատանքներ են տարվում եւ ծրագրեր իրականացվում՝ վստահեցրեց Նելլի Դուրյանը:

Կարդացեք նաև

Back to top button