
Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով դատական նիստում բարոյական վնասի փոխհատուցման պահանջով քաղաքացիական հայցի միջնորդություն է ներկայացվել: Պատասխանող կողմը Ռուսաստանի Դաշնությունն է:
Միջնորդությունն ընթերցել է դատական գործընթացի մասնակից փաստաբան Արամազդ Կիվիրյանը, ով այսուհետ կներկայացնի տուժածների իրավահաջորդ Անահիտ Կոշտոյանի, Լուսինե Ավետիսյանի, Նարինե Պողոսյանի եւ Անդրանիկ Պողոսյանի շահերը:
Փաստաբանը ներկայացրել է կատարված հանցագործությունը՝ նախքան Հայաստան տեղափոխվելը դրսեւորած վարքը եւ զորամասի ինքնակամ լքելու բազմաթիվ դեպքերը, զենքով դասալքությունը, Ավետիսյանների ընտանիքի սպանությունը, սահմանն ապօրինի հատելու փորձը:
Հայցի չափը գնահատվում է ընտանիքի չափահաս անդամներից յուրաքանչյուրի համար 50 հազար եվրո եւ 100 հազար եվրո երեխաներ Հասմիկ եւ Սերյոժա Ավետիսյանների համար:
Ծանոթանալով կողմերի կարծիքներին՝ դատավորը հայտարարել է, որ հաշվի առնելով, որ հայցը ներկայացված է հայերեն, այն անհրաժեշտ է թարգմանել եւ ուղարկել հասցեով, ինչը ժամանակ է պահանջում:
Դատավարությունը հետաձգվել է մինչեւ հունիսի 30-ը, եւ որպես բացառություն, կկայանա ոչ թե ուրբաթ, այլ հինգշաբթի օրը:




