Հասարակություն

Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին

Հ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին՝ «Վերջին զանգի» առթիվ։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից, ուղերձում ասվում է. «Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ ուսումնական տարին և դպրոցն ավարտելու առթիվ:
Դպրոցը միացրեց ձեզ ու ձեր ճանապարհները: Այսօր բաժանվում են ձեր ճանապարհները, բայց վստահ եմ՝ ոչ դուք, որովհետև դպրոցում անցկացրած ժամանակահատվածը կյանքի այն շրջանն է, որը ոչ միայն խոր հետք է թողնում մարդկային փոխհարաբերությունների վրա, այլև հաճախ անբաժանելի դարձնում շատերին:
Ձեր ճանապարհներն այսօր բաժանվում են տարբեր ուղղություններով` դեպի զինվորական ծառայություն և բարձրագույն ուսումնական կամ միջին մասնագիտական հաստատություն, դեպի աշխատավայր կամ արվեստի ու սպորտի աշխարհ: Միաժամանակ դուք շարունակում եք միավորված մնալ մեկ` հայրենիքի ճանապարհի միջոցով, որի մի կարևոր հանգրվանն էլ դպրոցն է: Այն ձեզ տվեց գիտելիք ու զգացմունք, շփվելու, մտածելու փորձառություն, աշխարհայացք ու կենսակերպ, որոնք դուք զարգացնելու եք ձեր կյանքի հաջորդ հատվածներում:

 

Սիրելի՛ շրջանավարտներ, հայրենիքի ճանապարհը սկսվում է յուրաքանչյուրիդ ընտանիքից, ամրանում դպրոցում, այնուհետև շարունակվում այնտեղ, որտեղ կհայտնվեք ճակատագրի շնորհիվ և ձեր ջանքերի արդյունքում: Որտեղ էլ լինեք, համոզված եղեք, որ հայրենիքի ճանապարհն անմոռանալի է, հայրենիքը` անփոխարինելի: Այդ գաղափարով են ձեզ դաստիարակել ձեր ծնողները, դա են ձեր մեջ սերմանել և դրանով ձեզ կրթել ձեր ուսուցիչները, այդպես պիտի մտածեք, ապրեք ու գործեք ձեր ողջ հետագա կյանքում: Այն հերոսների մեծ մասը, ովքեր ապրիլյան վերջին պատերազմի օրերին հերոսաբար և անձնվիրաբար պաշտպանեցին հայրենիքը, ընդամենը մեկ-երկու տարի առաջ էին ավարտել դպրոցը, որի վերջին զանգը նրանց ճանապարհել էր ծառայելու զինված ուժերում:
Համոզված եմ, որ դպրոցից սկսվող ու այսօր հնչող դպրոցական վերջին զանգով շարունակվող ձեր ճանապարհը երբեք չի զատվելու հայրենիքի ճանապարհից` նրան անվերապահ նվիրվելու, արժանապատվորեն ծառայելու, այն շարունակաբար շենացնելու ճանապարհից:
Եվս մեկ անգամ շնորհավորելով դպրոցական վերջին ուսումնական տարվա ավարտի` ձեր կյանքում այս նշանակալից իրադարձության առթիվ` մաղթում եմ ձեզ առողջություն, խաղաղություն, երջանիկ, բարեկեցիկ և հաջողություններով լեցուն կյանք»:

Կարդացեք նաև

Back to top button