Տնտեսական

Ձկնարտադրողներ. Աշնանը տխուր պատկեր կունենանք

hasmikdilanyan
Ձկնարտադրության  ու ձկնարտահանման  պաշտոնական ու ոչ պաշտոնական կարծիքները տարբեր են: Գյուղատնտեսության նախարարությունից վստահեցնում են՝ ոլորտում աճ է գրանցվում, մասնավոր  հատվածում՝ հակառակն են պնդում: Վերջիններս նաև ձկնաբուծության ոլորտում մենաշնորահացում են կանխատեսում, մինչդեռ գյուղատնտեսության նախարարության  անասնաբուծության և անասնաբուժության վարչության ձկնաբուծության և մեղվաբուծության բաժնի պետ Տիգրան Ալեքսանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  վստահեցնում է՝ մենաշնորհացման վտանգ չկա,  իրենք աշխատում են բոլոր տնտեսությունների հետ:

 

Հայկազ Զեյնալյանը ձկնարտադրությամբ զբաղվում է 2009թ, սակայն ոլորտում է 1990-ականներից։ Այսօր  վստահեցնում է՝ ձկնարտադրությամբ զբաղվելը մեր երկրում ձեռնտու բիզնես չէ: Դժգոհություններին  ավելացնում է  նաև խնդիրների թվարկումը՝ ձկան արտադրության ինքնարժեքը բարձր է, ջրի համար վճարվող  մեկ խորանարդ մետրի դիմաց գանձվող կես դրամից նույնպես դժգոհ  է,  արտահանման ծավալները նվազել են:

«Հիմնականում ՌԴ էինք արտահանում, այնտեղ էլ գներն այնպիսին են, որ արտահանողի համար ձեռնտու չի: Ձուկը լճանում է, գները՝ ընկնում»:

Մասնավոր հատվածում արձանագրում են՝  պարբերաբար ձկնային տնտեսություններ են փակվում, վերջին  հինգ օրվա ընթացքում ևս երեքն են փակվել. կոնկրետ պատճառներ չկան, դրանք ընդհանրական են:  Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միության նախագահ Արթուր Աթոյանն իր վիճակագրությունն է ներկայացնում՝ տարեսկզբից մինչ օրս մոտ 28  ձկնային տնտեսություն է փակվել:  Նրա խոսքով, այսպես շարունակվելու դեպքում աշնանը պատկերն ավելի տխուր կլինի:

«Ամեն տարի ամառային սեզոնին մինչև խոր աշուն մենք ունենում ենք ձկան մեծածախ ու մանրածախ գների նվազում։ Սա ձկնարտադրության համար ամենառիսկային շրջանն է: Եթե մենք փակված տնտեսություններով թևակոխում ենք ռիսկային գոտի, մենք առնվազն խոր աշնանը կունենանք նորանոր փակված տնտեսություններ»:

Աթոյանը, ու ոչ միայն նա, կարծում է, որ  ոլորտը գնում է մենաշնորհացման ճանապարհով:

«Մենաշնորհացման վտանգ չկա, ձկնարտադրության ոլորտը զարգանում ու աճ է գրանցում»,- «Ռադիոլուրի»  հետ զրույցում ասում է  ԳՆ անասնաբուծության և անասնաբուժության վարչության ձկնաբուծության և մեղվաբուծության բաժնի պետ Տիգրան Ալեքսանյանն ու նշում՝  այս տարվա առաջին չորս  ամիսների ընթացքում մեր երկրում   արդյունագործական  ձկան արտադրության ու  ձկնարտահանման ծավալներն ավելացել են, ընդլայնվում է նաև արտահանման աշխարհագրությունը:

«Այս տարվա առաջին չորս ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ  նախնական օպերատիվ տվյալներով մոտ 100 տոննա ավելի է արտահանումը: Հիմնականում արտահանում ենք ՌԴ, Վրաստան, Ուկրաինա, սկսել են արտահանել նաև միջինասիական երկրներ: Արտահանման աշխարհագրությունն ընդլայնվում է: Մեր կողմից կատարված աշխատանքների շնորհիվ նաև շատ տնտեսություններ և կազմակերպություններ ԵԱՏՄ երկրներ արտահանման թույլտվություն են ստացե»լ:

«Շուրջ 70 տնտեսություն  ԵԱՏՄ երկրներ արտահանման թույլտվություն են ստացել ,- ասում է գյուղատնտեսության նախարարության  ներկայացուցիչն ու վստահեցնում՝  ձկնային տնտեսություններն աստիճանաբար ներդնում են ժամանակակից տեխնոլոգիաները:  Անդրադառնալով նոր ստեղծվող ու նաև փակվող ձկնարտադրական տնտեսություններին՝ ԳՆ անասնաբուծության և անասնաբուժության վարչության ձկնաբուծության և մեղվաբուծության բաժնի պետ Տիգրան Ալեքսանյանն արձանագրում է՝

«Ընդհանուր առմամբ, այդպիսի լուրջ խնդիր չկա, որ ասենք համատարած փակվում են, կամ փակվելու պրոբլեմ կա: Իհարկե, կան փակվածներ որոշակի քանակությամբ, բայց զուգահեռաբար նաև ավելացածներ: Մենաշնորհացման վտանգ ոլորտում չկա, մենք այսօր գրեթե բոլորի հետ աշխատանքներ ենք իրականացնում»:

Իսկ ես հիշեցնեմ, որ մեր երկրում  2015թ սեպետեմբերից մեկնարկել է  «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգատգործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության»  անունով ծրագիրը: Այն կտևի 3,5 տարի:

Ամերիկյան կառավարության ֆինանսավորմամբ  ու չորս բաղադրիչից կազմված ծրագրի հիմնական նպատակը ձկնային տնտեսություններում նոր տեխնոլոգիաների ներդրումն է, ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումը:

Կարդացեք նաև

Back to top button