

Հատված՝ «Ռադիոլուր»-ի ժամը 16.00-ի եթերից
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը դրական է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությունը, որ շրջանակային համաձայնագրի ստորագրման փուլում Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, սակայն հակադարձում է, որ այն չպետք է լինի փուլային: Դավիթ Բաբայանի ձևակերպմամբ ԼՂՀ մասնակցությունը պետք է լինի սկզբից մինչև վերջ, ոչ թե ինչ-որ փուլի:
«Նման հայտարարություն մեկ անգամ չէ, որ ասում են համանախագահները: Կա երկու մոտեցում, ողջունում եմ, որ արդեն բացեիբաց խոսում են, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, սա ողջունելի է, և այն, որ Պոպովն ասում է, որ մենք` ղարաբաղցիներս ենք ապրելու այդտեղ, հետևաբար, պետք է տնօրինենք մեր ճակատագիրը, բայց Արցախի մասնակցությունը բանակցային պրոցեսին պետք է լինի համապարփակ, ոչ թե միանանք ինչ-որ փուլի: Մենք պետք է մասնակցենք ցանկացած հարցի շուրջ մտքերի փոխանակումից մինչև ինչ-որ բանաձևերի, մոտեցումների ամրագրում, փաստաթղթերի կազմում, ընդհանրական մոտեցումներ ձևավորելու»,- ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ի ՄԽ ռուս համանախագահը մասնավորապես ասել էր. « Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին: Իրոք, այս փուլում ղարաբաղցիները բանակցություններին ձևականորեն չեն մասնակցում: Սակայն այդ թեմային մեծ ուշադրություն է հատկացվում համանախագահների հանդիպման ընթացքում և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, և՛ հենց Լեռնային Ղարաբաղում: Ենթադրում եմ, թե որոշակի փուլում, օրինակ` շրջանակային համաձայնության ձեռք բերումից հետո ղարաբաղցիները պետք է վերադառնան բանակցությունների սեղանի մոտ»:




