

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Երեւանի Շենգավիթի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի բացման արարողությանը: Երկրի ղեկավարին այստեղ ծանոթացրել են մարզադպրոցում ստեղծված պայմաններին ու հնարավորություններին: Նախագահ Սարգսյանը նաեւ ներկա է գտնվել Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացվող խուլերի շախմատի աշխարհի անհատական առաջնությանը: Այն կազմակերպել է Խուլերի շախմատի համաշխարհային կոմիտեն: Առաջնությանը հետեւելու համար Հայաստան է ժամանել նաեւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Նա շեշտել է, որ առաջնության վայրը Երեւանն է ընտրվել, քանի որ հայտնի է՝ Հայաստանը շախմատային գերտերություն է, իսկ Երեւանը համաշխարհային շախմատի մայրաքաղաք:
Այսօր պաշտոնապես բացվեց Շենգավիթ վարչական շրջանի ամենամեծ մարզադպրոցը: Շախմատի մանկապատանեկան մարզադպրոցը կարող է ընդունել մինչեւ 450 սան: Այս պահին գործում է 21 խումբ՝ 240 սանով: 161-րդ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտը նրանցից մեկն է: Ասաց, որ ընտրել է շախմատը, քանի որ այն օգնում է ինքնուրույն մտածողություն ձեւավորելուն: Ինքը դա զգացել է իր օրինակով: Դպրոցում էլ արդեն հասցրել է դառնալ շախմատի օլիմպիադաների հաղթող։
Նոր մարզադպրոցի բացմամբ՝ իրենց երեխաների համար նոր հեռանկարներ են տեսնում նաեւ ծնողները: Գայանե Հարությունովան, օրինակ, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ մարզադպրոցը մոտ է բնակավայրին եւ իր տղան ու աղջիկը հաճույքով են հաճախում շախմատի նորաբաց մարզադպրոց:
Մարզադպրոցը հերթականն է մայրաքաղաքում: Հանրակրթական դպրոցին հարակից անմխիթար վիճակում գտնվող երկհարկանի մասնաշենքը հիմնանորոգվել եւ կահավորվել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի օժանդակությամբ: Սերժ Սարգսյանին այսօր ներկայացվեցին կատարված աշխատանքներն ու մարզադպրոցում ստեղծված հնարավորությունները:
Մարզադպրոցի փոխտնօրեն Գագիկ Սարուխանյանի տեղեկացմամբ՝ հետաքրքրությունը շախմատի հանդեպ բավականին մեծ է համայնքում: Դպրոցն ունի նաեւ յուրահատուկ մոտեցումներ։ Իր հերթին Ռաֆայել Վահանյանը հույս հայտնեց, որ նոր հեռանկարներ են բացվում դպրոցի հետ՝ թեպետ դեռ սաների խաղը ինքն անձամբ չի դիտել, բայց զգում է նրանց հնարավորությունները:
Շախմատասերների համար առաջիկա 9 օրերին հետաքրքիր մրցախաղ է սպասվում Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը: Այստեղ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ մեկնարկեց խուլերի շախմատի աշխարհի անհատական առաջնությունը: Այն առաջին անգամ է անցկացվում Երեւանում: Մրցաշարին 7 ենթախմբերով մասնակցում են չորս աշխարհամասերից՝ 24 երկրի 120 շախմատիստ:
Մրցաշարի մասնակիցներին այսօր ողջունեց Երեւան ժամանած ՖԻԴԵԻ նախագահ Կիրսան Իլյումժինովը: Նրա խոսքով՝ մրցաշարի համար Երեւանն է ընտրվել, քանի որ Երեւանն ու Հայաստանը համարում են շախմատի զարգացման միջազգային կենտրոն եւ մայրաքաղաք: «Հայաստանի հավաքականը երեք անգամ դարձել է միջազգային օլիմպիադայի չեմպիոն: Այս մրցաշարի մասնակիցներն ու ՖԻԴԵ- ի անդամները նույնպես իրենց համար մեծ պատիվ են համարում այստեղ լինելն ու միջազգային շախմատի կենտրոնում խաղալը»,- ասում է Իլյումժինովն։
Ուժեղ շախմատիստներ, աշխարհի եռակի չեմպիոն հավաքական, աշխարհի 9- րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյան՝ մենք գիտենք Հայաստանը՝ այստեղ շախմատային ազգ է եւ մեզ համար շատ հետաքրքիր էր լինել այստեղ՝ անկեղծացավ մասնակից թիմերից Լեհաստանի ներկայացուցիչ Բելչիկ Յացեկը: «Իհարկե, ինչ-որ հաջողությունների հույս ունենք: Մեր թիմն 8 հոգով է ներկայացել: Տեսնենք: Մենք ֆավորիտները չենք, բայց կպայքարենք։ Գլխավորը՝ այստեղ շատ հաճելի է»,- ասաց։
Հայաստանի շախմատի ֆեդերացիայում նույնպես կարեւորվում է, որ առաջին անգամ Հայաստանում է անցկացվում խուլերի շախմատի առաջնությունը: Առաջնության արդյունքներն էլ կամփոփվեն արդեն 9 օր անց:




