

Ակնհայտ է դարձել, որ բանակցությունների միջոցով Ղարաբաղյան խնդիրը չի լինի լուծել: Այսպիսի կարծիք են այսօր լրագրողների հետ տարբեր հանդիպումներում հայտնել «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանն ու քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով Վիենայում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հնարավոր հանդիպմանը:
Վիեննայում նախագահների հանդիպում կլինի, սակայն՝ անարդյունք: Այս համոզմունքին է «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ նույնպես բանակցային գործընթացի վերսկսման մասին խոսք լինել չի կարող: Միջնորդների հայտարարություններից էլ հասկանալի է, որ այս փուլում նրանք փորձելու են ստեղծել մի վիճակ, որի պարագայում հնարավոր կլինի վերսկսել բանակցություններ:
«Մենք տեսնում ենք, որ այս պահին թե՛ ռազմի դաշտում, թե քաղաքական դաշտում կողմերը դեռեւս գնում են միանգամայն հակառակ ուղղություններով, ինչը, ըստ էության, տանում է հերթական նոր բախման: Ցավոք սրտի, այս պահին ես պատերազմի վերսկսումը ամենահնարավոր սցենարն եմ համարում, որովհետեւ Ադրբեջանը, ձախողելով իր ապրիլյան հարձակումը, ըստ էության զրկվել է մի քանի կարեւոր քաղաքական հաղթաթղթերից, որոնք իրենք օգտագործում էին բանակցությունների ընթացքում: Օրինակ՝ պատերազմի չվերսկսելը ներկայացնելով որպես զիջում, երբ խոսվում էր փոխզիջումային տրամաբանության մեջ եւ այլն: Այսինքն՝ այս պահին Ադրբեջանը պատերազմ վերսկսելու շատ ավելի լուրջ պատճառներ ունի, քան ապրիլի 1-ին ուներ, որովհետեւ կորցրել է դիվանագիտական լուրջ, կարեւոր գործոններ, որոնք օգտագործում էին հայերի դեմ»:
«Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի հիմնադիր Արա Պապյանի գնահատմամբ՝ Ադրբեջանն այլեւս Ղարաբաղի խնդիր չի լուծում, այլ՝ Հայաստանը ոչնչացնելու: Սա գիտակցելուց հետո մեկ ճանապարհ կա՝ Ադրբեջանին զրկել պատերազմ վարելու հնարավորությունից, որի միակ ճանապարհը, ըստ Արա Պապյանի, առաջ գնալն ու Եվլախ հանգույց հասնելն է:
«Ադրբեջանը չպիտի կարողանա նավթ եւ գազ արտահանել: Չի արտահանի նավթ ու գազ՝ չի ունենա փող, չի ունենա փող՝ չի կարող կռվել: Միակ ելքը դա է, մնացածը ժամանակավոր լուծումներ են եւ խոսակցություններ են, որովհետեւ Ղարաբաղի հարցը այլեւս դերակատարություն չունի: Տվեք ամբողջ Ղարաբաղը, ներառյալ ԼՂՀՄ-ը Ադրբեջանին, միեւնույնն է, ինքը հաջորդ քայլով ուզելու է Զանգեզուրը»:
Եթե նա իսկապես ցանկանար Ղարաբաղի հարցի լուծում, ապա Մադրիդյան սկզբունքներն իր համար ամենաձեռնտու տարբերակն էին՝ հավելեց Արա Պապյանը: Նրա խոսքով՝ այսօր աշխատանք պետք է տանել նաեւ Ադրբեջանի բնիկ ժողովուրդների հետ, որոնց շրջանում արդեն կա գիտակցություն, թե ինչ է իրենից ներկայացնում Ադրբեջանը եւ դրան նպաստում է հենց Ադրբեջանի իշխանությունների՝ բնիկ ժողովուրդների նկատմամբ խտրական քաղաքականությունը: Այն, որ Ադրբեջանի իշխանությունները կորցրել են նաեւ ներսում հասարակական աջակցության գործոնը՝ նկատեց նաեւ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Իհարկե, հիմա դեռ էյֆորիկ տրամադրություններ են, ամեն ինչ նոր է եղել եւ, կարծես թե, դժգոհություններն էլ դեռեւս զսպում են, բայց արդեն իսկ ադրբեջանական ընդդիմադիր մամուլում, կան գործիչներ, որոնք չեն ապրում Ադրբեջանում, այս հարցերը բարձրաձայնում են եւ տեսնում են, որ հետզհետե այս տենդենցը ավելի ու ավելի մեծանում է»:
Հայաստանի խնդիրն էլ, ըստ «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր, վերլուծաբան Արա Պապյանի, այսօր պետք է լինի նաեւ երկրի ներսում էական փոփոխություններ անելը, բանակը մաքրելն ու բոլոր նրանց պատժելը, ովքեր թալանով են զբաղվել:




