Քաղաքական

Վարչապետի հայտարարության քաղաքական հետեւանքները

lusinevasilyan

Քաղաքական-հասարակական շրջանակներում  շարունակում են գնահատել  Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարության հիմնական թեզերը: Վարչապետը մի շարք առանցքային հարցադրումներ է հնչեցրել՝  խոսելով   կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայաքարի և այդ պայքարն ավելի  տեսանելի, իսկ պետական կառավարման համակարգն առավել քիչ ծախսատար ու կոմպակտ դարձնելու մասին: Ընդդիմադիր ու իշխանական կուսակցությունները վարչապետի հայտարարությունները  տարբեր կերպ են ընկալել. առաջին թևում տարակուսում են,  հարցեր առաջադրում, երկրորդում նշում են, որ վարչապետի նշած խնդիրները չիրագործվելու այլընտրանք չունեն:

 

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը համաձայն չէ գնահատականին, թե  վարչապետի ելույթը կառավարության ձախողման  մասին խոստովանություն է: Դաշնակցությունն իր գնահատականը հնչած թեզերին  տալիս է՝  ելնելով իրավիճակից:  Աղվան Վարդանյանն ասում է՝ Հովիկ Աբրահամյանի ելույթն առկա խնդիրների ու նպատակադրումների փաստաթղթավորում է: «Այո, պետք է մեր կառավարումը դառնա առավել արդյունավետ ու օպտիմալ, պետք  է առավել  հասցեական դառնա պատասխանատվությունը: Ով չի կարողանա, չի անի… բնական է, որ հասարակությունը պետք է պահանջատեր լինի այն ուժերից, ովքեր պատասխանատու են իշխանության գործունեության համար»:

Իշխանության գործունեության համար պատասխանատու ուժերի մեջ Հանրապետականի հետ նաև Դաշնակցությունն է:  Բոլորվին վերջերս , Վարդանյանի փոխանցմամբ,  տեղի է ունեցել ՀՅԴ-ՀՀԿ համակարգող խորհրդի առաջին նիստը, որում նույնպես այդ թեմաները   քննարկվել են: Վարչապետի նշած թեզերը  նաև Դաշնակցության կարևորած խնդիրներն  են , ուստի փորձելու են հստակ ժամանակացույցով, հետևրողականորեն առաջ գնալ:

Աղվան Վարդանյանը հավատում է, որ շոշափելի արդյունքեր են լինելու: «Արդյունքներ կլինեն, չլինեն, իրավունք կունենաք ասելու, որ հերթական անգամ խոսքը գործի չվերածվեց»:

Ի տարբերություն Դաշնակցության՝  կառավարության մտադրությունների  անկեղծությանն այդքան էլ  չի հավատում ընդդիմադիր «Ժառանգությունը»: «Վարչապետի ելույթի երևի թե ամենաանկեղծ մասը «հարգելի գործընկերներ» արտահայտությունն էր»,- ասում է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Ըստ նրա՝ վարչապետը նշել է  բոլոր այն խնդիրները, որոնց առկայության  համար ուղիղ պատասխանատվություն է կրում: Չհաղթահարվող կոռուպցիան կամ մենշանորհները նոր երևույթ չեն, կամ մեր պետական համակարգում առկա են այնքան ժամանակ, որքան այդ համակարգում դերակատարում ունի նաև վարչապետը: Այնպես որ, ընդդիմադիր գործիչը  նաև հոռետես է, կարծում է ՝չի հաջողվելու կյանքի կոչել այն, ինչի մասին խոսում էր վարչապետը:  «Ազատ , մրցակցային տնտեսություն, ազատ քաղաքական դաշտ, սոցիալական արդարություն,  արդյունավետ կառավարություն ունենալու համար երկու սկզբունք է պետք՝ արդարություն և հավասրաությունը: Ոչ արդարություն կա, ոչ էլ հավասարություն»,- ասում է։

Մարտիորսյանը լավատես չէ նաև այն հարցում, թե կոնկրետ ինչ քայլեր կհաջորդեն վարչապետի ելույթին:  Կարծում է՝ գլոբալ խնդիրները կմնան, փոքր փոփոխություններ կլինեն: «Մի քանի սլաքավար դասախոս կամ բժիշկ կգտնեն, կասեն պայքարում ենք կոռւոպցիայի դեմ»:

Կոռուպցիան հաղթահարելու ուղղությամբ լրջագույն քայլեր արվել են, բայց դրանք բավարար չեն՝ սա է ասել վարչապետը՝  ըստ  Հանարապետական կուսակցության ներկայացուցչի: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասում է, որ անգամ 2016-ի սկզբից կառավարության ընդունած որոշումները վերլուծելու դեպքում կարելի է համոզվել, որ  քայլեր արվել են:

Հովիկ Աբրահամյանը, ըստ Հարությունյանի, առաջարկում է մեղմ քայլերից անցնել կտրուկ քայլերի: «Այն, ինչ ասել է վարչապետը, հետևյալն է՝ դա բավարար չէ, պետք են նաև այնպիսի քայլեր, որոնք թույլ են տալիս միանգամից տեսնել շոշափելի արդյունք, որովհետև ընդհանուր իրավիճակի բարելավումը տարեցտարի, ամսեամիս ճիշտ ուղղություն է, այդ ուղղությունը պետք է շարունակել, բայց նաև անհրաժեշտ են արմատական քայլեր»:

Ըստ Հարությունյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարը  ոչ այնքան  նյութական միջոցներ, որքան քաղաքական կամք , իսկ որոշ դեպքերում ՝ ծայրահեղ կոշտ որոշումներ են պահանջում:

Նախարարը տպավորություն ունի, որ այդ որոշումներն իր համար վարևչապետն արդեն մշակել է:  «Վարչապետն ասաց, որ ինքն արդեն իր համար արդեն պատրաստել է որոշակի մոտեցումներ, սպասում է նաև հանրային արձագանքին, ակտիվ քաղաքացիների, քաղաքական ուժերի արձագանքին, որպեսզի իր փաթեթն ամբողջացնի և կյանքի կոչի»:

Կառավարությունն ունի բավարար քաղաքական կամք կյանքի կոչելու բոլոր անհրաժեշտ քայլերը՝ վստահեցրել էր վարչապետը, նաև տեղեկացրել, որ   հանրային պարբերական քննարկումների շարք է սկսվում: Կառավարությունը լսելու է քաղաքական ուժերի, քաղհասարակության ու պարզապես մտոհոգ մարդկանց առաջարկությունները: Քննարկումները մեկնարեկլու են վաղվանից:

Կարդացեք նաև

Back to top button