

Կառավարության առաջարկով Աժ-ի այսօր հրավիրված արտահերթ նիստի բազմաթիվ հարցերից առաջինը քննարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Հարկային փաթեթի փոփոխությամբ պայմանավորված գործադիր իշխանությունն առաջարկվում է մեկ տարով երկարաձգել «պարտադիր կուտակայինի» պարտադիր գործարկման ժամկետը:
Հիշեցնենք, որ այդ օրենքը պետք է համատարած կիրառվեր այս տարվա հուլիսի 1-ից, բայց այժմ առաջարկվում է ժամկետը երկարաձգել մինչեւ 2018 թվականի հուլիսի 1: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած հիմնավորմանը ոչ բոլոր պատգամավորները հավատացին, քանի որ համոզված են՝ գործադիրը գնում է այս քայլին նախընտրական խնդիրներից ելնելով՝ խորհրդարանական ընտրություններից առաջ դժոհություններից խուսափելու նպատակով:
Հնչած այս բնույթի կասկածանքիներին նախարարն ասել է, որ Կուտակայինը մեկ տարով հետաձգելը նախընտրական գործընթացի հետ կապ չունի:
«Նախագծի ընդունումը պայմանավորված է հարկային նոր օրենսգրքի նախագծով, որը էական փոփոխություններ է իր մեջ ներառում, և նախատեսված է ավարտին հասցնել 2017 թվականի վերջին: Ըստ նախարարի՝ այս փոփոխությունները ենթադրում են նաև ամբողջությամբ համաձայնեցնել հարկային էլեկտրոնայի տեղեկատվական համակարգը, ինչը նշանակում է, որ էական փոփոխություններ են անհրաժեշտ պարտադիր սոցիալական վճարների ծառայություններում: Դրա համար առաջարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում անցումային դրույթներում 2017 թվականի հուլիսի մեկը բառերը փոխարինել 2018 թվականի հուլիսի մեկը»,-ասել է Արտեմ Ասատրյանը:
Կուտակային կենսաթոշակների համակարգը սկսել է գործել 2014 թվականից: Այս տարվա մարտի 1-ի տվյալներով համակարգի մասնակիցների թիվը կազմում է 143 580 անձ, իսկ հավաքագրված գումարը 36 միլիարդ դրամի մի քիչ ավելի է: Ի դեպ՝ կամավոր, սեփական նախաձեռնությամբ համակարգին՝ մարտ ամսվա տվյալներով, միացել է 235 անձ: Թե գործող համակարգով, թե առաջարկվող նախագծով սուբյեկտների համար ստեղծվում են անհավասար պայմաններ, նշել է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ինչո՞ւ պետք է մասնավորը ստանա արտոնություն և համակարգին միանա ցանկության դեպքում, իսկ պետական համակարգի աշխատողը, որտեղ վստահաբար բոլորը դժգոհ են համակարգից, բայց աշխատանք կորցնելու գնով, միանան այդ համակարգին և այն շարունակի գործել»:




