Հասարակություն

Ասպիրանտուրան խանգարում է գիտությանը՝ վստահ են գիտնականները

karenghazaryan

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը եւ ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ՀՀ ԲՈՀ-ի փոխնախագահ Ատոմ Մխիթարյանն առաջարկում են Հայաստանում վերացնել կրթական համակարգում երրորդ աստիճանի կրթությունը՝ ասպիրանտուրան, այն փոխարինելով դոկտորանտուրայով: Նրանք համոզված են, որ ասպիրանտուրան ծառայում է անհատների կարիերա անելուն եւ ընդհատվում ու չի նպաստում գիտության շարունակական զարգացմանը: Նրանք իրենց այս պնդումը մանրակրկիտ հիմնավորել են «Ասպիրանտուրայից դոկտորանտուրա» խորագրով հայեցակարգային գրքույկում, որն այսօր լրագրողների միջոցով ներկայացրել են հանրությանը:

 

Ասպիրանտուրան Խորհրդային Միությունից ժառանգած համակարգ է, իսկ գիտության շուկան, որն այսօր գործում է, այդ համակարգի հետ ունի անհամաձայնություններ: Այս համոզմունքին է Արմեն Ճուղուրյանը: Նրա խոսքով՝ իրենք հրատարակած գրքույկում ցույց են տալիս, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս պետք է սահուն կերպով խորհրդային ասպիրանտուրայից անցում կատարել դեպի արեւմտյան դոկտորանտուրա: «Ժամանակներն են մեզ պարտադրում, որ անցում կատարենք եւ կազմակերպենք արեւմտյան չափանիշներով երրորդ աստիճանի կրթություն»:

Գրքույկի համահեղինակ, ՀՀ ԲՈՀ փոխնախագահ Ատոմ Մխիթարյանն էլ հավելեց, որ իրենք մանրամասն անդրադարձել են ասպիրանտուրայի պատմությանը, վերլուծություններ եւ համեմատություններ են կատարել ու նաեւ առաջարկներ արել, որոնք պետք է նպաստեն գիտության շարունակական զարգացմանն ու գիտությամբ անընդմեջ զբաղվելուն: Մի բան, ինչի հնարավորությունը միշտ չէ, որ տալիս է ասպիրանտուրական կրթույթւոնը, քանի որ հաճախ այն պարզապես կարիերայի մի բաղադրիչ է դառնում ընդամենը:

«Շատ կարեւոր է, որ քննարկումներն ակտիվանան եւ, վերջին հաշվով, արդյունք տան: Այսինքն, ատենախոսության պաշտպանությունը Հայաստանում, մեծամասամբ, ինքնանպատակ է դառնում: Շատերը գնում են դրան, եւ հատկապես, օրինակ, պետական պաշտոններ զբաղեցնող տարբեր քաղաքացիներ մեր կամ գիտության հետ շատ սերտ կապ չունեցող մարդիկ, եւ ատենախոսության պաշտպանությամբ ավարտվում է նրանց ներդրումը գիտության մեջ:  Այն առաջարկները, որ մենք բերում ենք գրքում, պիտի նպաստեն, որ դրանք հետագա կիրառություն ունենան եւ կարողանան ներդրվել…. վերջին հաշվով՝ գիտությունը պետք է ծառայի տնտեսությանը, նրա զարգացմանը եւ ոչ թե մնա ինքնանպատակ»:

Բանախոսներն ասացին, որ իրենք ակնկալում են, որ հասարակությունը հասկանա, որ ասպիրանտուրան պետք է ծառայի ոչ թե կարիերա ձեւավորող անհատի շահերին, այլ, առաջին հերթին երկրի, գիտության շահերին:

Ըստ առաջարկների՝ ատենախոսության նորույթները չպետք է մնան թղթի վրա, այլ՝ ծառայեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Ըստ առաջարկների հեղինակների՝ այսօր չկա այն համակարգված մեխանիզմը, որը կստիպեր, որ ատենախոսական նորույթները, գիտական նորույթները, ինովացիոն առաջարկները կյանքի կոչվեին: Պետք է այնպես անել, որ գիտությունը փոխկապակցվի երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հետ, սա է գրքի հիմական մեխը՝ եզրափակեց «Ասպիրանտուրայից դոկտորանտուրա» գիրք-առաջարկի համահեղինակ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը:

Կարդացեք նաև

Back to top button